Էլեկտրոնային առողջապահական համակարգին (armed.am կայք) միանալու առաջարկը Լոռու ստոմատոլոգների կողմից միանշանակ չի ընդունվել: Նրանց զգալի մասն արդեն հայտնել է իր դժգոհությունն առաջարկվող համակարգին միանալու հետ կապված եւ դիմում-բողոք ուղարկել ՀՀ վարչապետին ու առողջապահության նախարարին:
Ստոմատոլոգները նշում են, որ նոր համակարգը մի շարք բարդություններ եւ լրացուցիչ ծախսեր է առաջացնելու մեծ ու փոքր կլինիկաների համար, ինչը կարող է բերել մատուցվող ծառայությունների գնի բարձրացման, իսկ հատկապես փոքր ստոմատոլոգիական կլինիկաների դեպքում՝ նաեւ փակման ու գործազրկության, երկրից արտագաղթողների թվի ավելացման:
Առաջարկվող մոտեցումներից դժգոհելով հանդերձ՝ լոռեցի ստոմատոլոգների մի մասը խուսափում է բարձրաձայնել այդ մասին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը նշեց, որ չի ուզում խոսել, որովհետեւ մտավախություն ունի, որ հետագայում կարող է անձնական խնդիրներ ունենալ, մեկ այլ կլինիկայի տնօրեն էլ համաձայնեց խոսել մտահոգող խնդիրների մասին, բայց անանուն: «Խոսեմ, հետո գլխիս մի բան հաստատ կսարքեն»,- նշեց նա:
«Օպտիմում» ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն Անդրեյ Ղուկասյանն էլ նշում է, թե համակարգն այդպես հապճեպ ներմուծելը բավական մեծ խնդիրներ է առաջացնելու:
Հիմնական խնդիրը, ըստ նրա, կապված է առաջարկվող ծառայության՝ վճարովի լինելու հետ: Նա հաշվարկել է. համակարգին միանալու եւ այցելուների հետ կապված պահանջվող տեղեկատվությունը մուտքագրելու համար ստիպված կլինեն օրական ծախսել միջինը 2-3 ժամ, իսկ օպերատորի աշխատանքի ընդունելու, վերապատրաստելու ու հարակից այլ ծառայությունների համար կլինիկան տարեկան կծախսի շուրջ 2 մլն դրամ, ինչն իր հերթին կբերի ծառայությունների գնի 20-30 տոկոսով աճի:
Ստոմատոլոգն անհիմն բարձր է համարում նաեւ համակարգի սպասարկման համար պահանջվող գումարի չափը:
Լոռիում շրջանառվող խոսակցությունները, թե ստոմատոլոգներից պահանջում են միանալ համակարգին, չմիանալու դեպքում սպառնալով զրկել արտոնագրից, Անդրեյ Ղուկասյանը հաստատեց: «Կոնկրետ ինձ զանգահարել են երկու-երեք անգամ, խոսակցություն է տեղի ունեցել եւ երկու-երեք անգամ էլ խոսակցությունն ավարտվել է ինձ լիցենզիայից զրկելու սպառնալիքով»,- նշեց նա:






