Եթե Հայաստանում երեխաների մոտ աուտիզմը ժամանակին ախտորոշեն, դա կօգնի նրանց հետ ավելի վաղ աշխատել, ինչի շնորհիվ աուտզիմով երեխաներին ավելի հեշտ կլինի հասարակության մեջ ներգրավել:
Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է «Իմ ուղի» աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնի ղեկավար Նարինե Վարդանյանը:
Այսօր՝ ապրիլի 2-ին, նշվում է աուտիզմի խնդրի հետ կապված տեղեկատվության տարածման համաշխարհային օրը (World Autism Awareness Day), որը 2007 թվականի դեկտեմբերի 18-ին հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից:
Աուտիզմի մասին տեղեկատվության տարածմանն օգնելու եւ աուտիզմով հիվանդ մարդկանց հանդեպ բնակչության հանդուժողականությունը բարձրացնելու համար, «Light It Up Blue» նախաձեռնության շրջանակում Երեւանում Օպերայի եւ բալետի ազգային թատրոնն այսօր լուսավորվել էր երկնագույն լուսարձակների շողերով:
Միջոցառման շրջանակում հնչել է նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Աստծո հրեշտակներ» երգը:
Հիշեցնենք, որ աուտիզմը նյարդային համակարգի խախտում է, որը, որպես կանոն, ի հայտ է գալիս կյանքի առաջին 3 տարվա ընթացքում:
Այս հիվանդությունն ախտորոշվում է 3 նախանշանների դեպքում՝ սահմանափակ սոցիալական փոխազդեցությունների, հետաքրքրությունների սահմանափակմամբ եւ կրկնվող վարքագծով:
Աուտիզմի զարգացման պատճառները դեռ հայտնի չեն, իսկ աշխարհում գիտնականները աշխատում են հասկանալու համար՝ ինչն է հանգեցնում այս հիվանդությանը եւ կարելի է արդյոք այն կանխել:







