Ամերիկացի մի խումբ սենատորներ քննություն են նախաձեռնել՝ պարզելու համար, թե ինչու է հակաքաղցկեղային լոմուստին դեղամիջոցի գինը ԱՄՆ-ում 2013 թվականից ի վեր աճել 1400 տոկոսով: Լոմուստինը 1976 թվականից կիրառվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսին են ուղեղի նախնական եւ տարածված ուռուցքները, լիմֆոգրանուլեմատոզը (Հոջկինի հիվանդություն), ստամոքսի եւ աղիների քաղցկեղը:

Ինչպես հայտնում է The Hill պարբերականը, սենատորները Tri-Source Pharma ընկերության ղեկավար Ռոբերտ Դիկրիչիին նամակ են ուղարկել՝ պահանջելով պարզաբանել, թե ինչով է պայմանավորված գնի նման ցատկը եւ իր ֆիրման դրա արդյունքում ինչպիսի շահույթ է ստանում: Նրանք նշել են, որ մինչ այն, երբ 2013 թվականին Tri-Source Pharma-ն մեկ ուրիշ ընկերությունից ձեռք է բերել լոմուստինի թողարկման իրավունքը, դեղամիջոցի մեկ պարկուճն արժեր 50 դոլար: Ներկայումս այն վաճառվում է արդեն 768 դոլարով:

Օրենսդիրները Դիկրիչիից նաեւ պահանջել են տեղեկություն տրամադրել այն մասին, թե որքան արժե դեղի արտադրությունը, ամբողջ փաստաթղթերը եւ ներկորպորատիվային գրագրությունը: Դրանից բացի, ընկերությունը պետք է ներկայացնի իր արտադրած բոլոր դեղերի ցանկը, որոնց գները մեկ տարվա ընթացքում նվազագույնը 200 տոկոսով բարձրացել են:

Պարբերականը հիշեցնում է, որ մարտի 9-ին Նյու Յորքի դատարանը 7 տարվա բանտարկության էր դատապարտել ամերիկյան դեղագործական Turing Pharmaceuticals ընկերության նախկին ղեկավար Մարտին Շքրելիին, որը 2015 թվականին 55 մլն դոլարով Impax լաբորատորիայից գնել էր տոքսոպլազմոզի դեմ դարապրիմ դեղի սեփականության եւ տնօրինելու իրավունքը, որից հետո մեկ հաբի գինը բարձրացել էր 13,5 դոլարից մինչեւ 750 դոլար: