Հայաստանը պետք է ավելի լրջորեն վերաբերվի Թուրքիայից ներմուծվող մթերքների անվտանգության հարցին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդամթերքի շղթայի վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունը բնակչությանը զգուշացրել էր Թուրքիայից ներմուծվող մի շարք սննդամթերքներում վնասակար նյութերի պարունակության մասին: Այսպես՝ 173 արտադրողների 282 անուն մթերքների բաղադրության մեջ հայտնաբերվել են պիտակի վրա չնշված սննդային հավելումներ, որոնք մարդու առողջությանը պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Այս մթերքների թվում են՝ միսը եւ մսամթերքը, կաթը եւ կաթնամթերքը, մեղրից արտադրանքը, բուսական յուղերը, թեյը, համեմունքները, շոկոլադը, ոչ ալկոհոլային խմիչքները, էներգետիկ ըմպելիքները եւ նույնիսկ սննդային հավելումները:

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալության հայտարարությունը կարեւոր հաղորդագրություն է նաեւ հայկական կողմի համար, այս պատճառով մենք պետք է դրան ամենայն պատասխանատվությամբ վերաբերվենք: Այսօրվա դրությամբ՝ հայկական շուկայում կարելի մեծ թվով թուրքական ապրանքներ գտնել, որոնք այլ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայի երկրներում արգելված են: Ինչպես ընդգծեց փորձագետը, չգիտես ինչու, Հայաստանում ոչ ոք այդ ապրանքներին գոնե զգուշավորությամբ չի վերաբերվում, ինչպես մի շարք այլ երկրներում: Դրանք անվտանգության պատշաճ ստուգում նույնպես, չգիտես ինչու, չեն անցնում, ինչ պատճառով կարող են սպառնալ երկրի քաղաքացիների կյանքին: