Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման նպատակն առաջիկա 2 տարվա ընթացքում առաջնային օղակի մասնագետների աշխատավարձերը կրկնակի ավելացնելն է։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքների առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը, դա հնարավոր կլինի անել թերապեւտիկ հիվանդների բուժումը հիմնականում առաջնային օղակում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարներում կազմակերպելու հաշվին։ Հենց հիվանդանոցային բուժումից տնտեսված միջոցներն էլ կուղղվեն առաջնային օղակի բժիշկների աշխատավարձերի բարձրացմանը։ Այդպես հիվանդները բուժման ընթացքում չեն կտրվի ընտանիքից։
Սա նաեւ ենթադրում ընտանեկան բժշկի, թերապեւտի եւ մանկաբույժի պատասխանատվության բարձրացում իրեն կցագրված բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ արդյունավետ բուժման գործում։
Բժիշկներն անկեղծացել են, որ երբեմն չեն կարողանում ընդդիմանալ բնակչի՝ հիվանդանոց կամ թանկարժեք հետազոտության ուղեգրելու պնդումներին։ Ըստ նախարարի` նման դեպքերում օգնության կհասնեն աշխարհի առաջատար փորձի հիման վրա 2017թ. մշակված եւ տեղայնացված 300 կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը։ Դրանք այժմ թվայնացվում են, որից հետո կներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր բժշկական կազմակերպություններում միանման ցուցումների դեպքում կիրականացվեն նույն հետազոտություններն ու բուժումը։
Լեւոն Ալթունյանը մանրամասնել է, որ հաստատուն աշխատավարձը ձեւավորվում է մասնագիտական գործառույթներով, այդ թվում` նոր մեթոդաբանությամբ իրականացվող դիսպանսեր հսկողությամբ եւ կանխարգելիչ հետազոտություններով։ Իսկ դրան գումարվող բոնուսները կձեւավորվեն չափելի արդյունքներով` սպասարկվող բնակչության շրջանում հիվանդացության եւ հաշմանդամության ցուցանիշների, հոսպիտալացման, անաշխատունակության թերթիկների նվազման, պատվաստումների մեծ ընդգրկվածության, առաջնային օղակում բուժման արդյունավետության, ժամանակին եւ ճիշտ բուժման, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման եւ այլ ցուցանիշներով։
Քննարկման ընթացքում, ընդունելով բժիշկների այն կարծիքը, որ էլեկտրոնային առողջապահության համակարգով աշխատելիս դեռեւս դժվարությունների են հանդիպում՝ նախարարն ընդգծել է, որ դրանք ժամանակավոր են։ Փոխարենն՝ առաջադեմ այդ համակարգն իր հնարավորություններով ոչ միայն կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, այլեւ զգալիորեն կդյուրացնի բժիշկների աշխատանքը, հարմարավետ կլինի նաեւ բնակիչների համար։
Լեւոն Ալթունյանը հավելել է, որ առաջիկա ամիսներին պոլիկլինիկաները կապահովվեն համակարգիչներով, որին կհաջորդի բուժաշխատողների ուսուցումը։
Նախարարը վստահեցրել է, որ բոլոր նկատառումներն ու առաջարկներն ի մի կբերվեն, որոնց լուծումներ կամ պարզաբանումներ կտրվեն։ Նա բժիշկներին հորդորել է իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել առաջնային օղակում ցերեկային ստացիոնարի լիցենզիավորման արդեն մշակված պայմանների կապակցությամբ։
Լեւոն Ալթունյանը նշել է, որ առաջնային օղակի բոլոր բժիշկների հետ նման հանդիպումների արդյունքում ի մի կբերվեն տեղերից ստացված բոլոր առաջարկները։ Այնուհետեւ աշնանը երեւանյան մեծ հավաք կկազմակերպվի, որտեղ էլ կընդունվի առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ծրագիրը։






