«Դեղերի մասին» գործող օրենքով իրավունք է տրվում Հայաստան դեղեր ներմուծել միայն մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող ներմուծողներին: Սակայն անտրամաբանական է, երբ հիվանդանոցները եւ բժշկական կենտրոնները զրկված են սեփական կարիքների համար դեղեր ներմուծելու իրավունքից: ԱԺ առողջապահության եւ ոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Սա նույն բանն է, որ հացթուխն ալյուր գնելու իրավունք չունենա կամ շինարարը՝ շինանյութի»,- նշեց նա:
Մի խումբ պատգամավորներ հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել «Դեղերի մասին» գործող օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որի համաձայն՝ հիվանդանոցները պետք է սեփական կարիքների համար դեղեր ներմուծելու հնարավորություն ունենան, բայց դրանք չվաճառեն:
Ինչպես նշեց Հակոբ Հակոբյանը, դեղեր կան, որոնք օգտագործում են միայն որոշ հիվանդանոցներ եւ փոքր քանակությամբ, ուստի խոշոր ներմուծողներին ձեռնտու չէ այն ներկրելը: Եվ չնայած գործող օրենքն այս խնդիրը լուծելու հնարավորություն տալիս է առողջապահության նախարարությանն անմիջաբար դիմելու եւ կոնկրետ դեղ ներմուծելու իրավունք ստանալու միջոցով, ամեն ինչ կարելի է զգալիորեն պարզեցնել, եթե հիվանդանոցներին ուղղակի հնարավորություն տրվի ներմուծել իրենց կարիքների համար անհրաժեշտ բոլոր դեղերը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն, իր հերթին, նշեց, որ եթե հիվանդանոցներին դեղեր ներմուծելու հնարավորություն տան, ապա դա կարող է անհավասար պայմաններ ստեղծել ներմուծողների համար, որոնք ներմուծման եւ մեծածախ վաճառքի լիցենզիա են ստանում: Ավելին՝ հիվանդանոցները կդադարեն նրանց մոտ դեղեր պատվիրել, ինչը նույնպես բացասաբար կանդրադառնա նրանց գործունեության վրա:
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ եթե հիվանդանոցները իրենց ներմուծած դեղերը վաճառելու իրավունք չունենան, ապա նրանք չեն մրցակցի ներմուծողների հետ, եւ անհավասար պայմանների մասին ոչ մի խոսք չի լինի: Ավելին՝ եթե հիվանդանոցները կարողանան սեփական կարիքների համար դեղեր գնել եւ ներկրել ավելի ցածր գներով, սա կարող է բերել երկրում դեղերի գնանկմանը, ինչպես նաեւ հիվանդանոցային ծառայությունների գների նվազմանը:
Սերգեյ Խաչատրյանը մտավախություն հայտնեց, որ հիվանդանոցներն անհրաժեշտ պայմաններ չունեն դեղերն անվտանգ տեղափոխելու եւ պահելու համար: Հակոբ Հակոբյանի խոսքով՝ նախագծի համաձայն՝ ներմուծելու իրավունք կստանան միայն այն հիվանդանոցները, որոնք այս բոլոր պայմաններն ունեն:






