ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանին եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին։
Հյուրերը նախարարին հակիրճ ներկայացրեցին 25 տարվա ընթացքում կազմակերպության կողմից Հայաստանում, մասնավորապես` առողջապահության ոլորտում իրականացրած ծրագրերը։ Նշվեց, որ Վորլդ Վիժնը մշտապես համագործակցել է նախարարության հետ, իսկ վերջին տարիներին աջակցել է մոր եւ մանկան առողջությանը եւ երեխաների սնուցմանն ուղղված ծրագրերին, առողջապահության այլընտրանքային աղբյուրների գնահատման եւ մի շարք այլ հարցերում։ Վորլդ Վիժն Հայաստանն այժմ աշխատում է 6 մարզի ավելի քան 200 համայնքում` աջակցելով խոցելի խմբում գտնվող ավելի քան 33 հազար երեխայի։
Անդրադարձ կատարվեց նաեւ սկրինինգային, կրթական եւ իրազեկման ծրագրերին, ինչպես նաեւ վերջերս ավարտված «Երեխայի առողջության պետական հավաստագրի գնահատում» ծրագրին, որի արդյունքներն առաջիկայում կներկայացվեն նախարարին։
Արմեն Մուրադյանը նշեց, որ որոշակիորեն ծանոթ է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեությանն առողջապահության ոլորտում եւ բարձր գնահատեց հատկապես մանկական մահացության նվազեցմանը միտված ծրագրերը։
«Մոր եւ մանկան առողջության պահպանումը ՀՀ նոր կառավարության համար եւս կմնա գերակա խնդիր։ Այնպես որ, ձեր հետագա աջակցությունը շոշափելի կլինի»,-ասաց նախարարը։
Երկուստեք կարեւորվեցին նաեւ երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։
«Առողջ ապրելակերպի ներդրումը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի բաղադրիչներից մեկն է, եւ մենք ջանքեր չպիտի խնայենք մեր ժողովրդի համար կենսական կարեւորություն ունեցող այդ ծրագրի իրականացման գործում։ Այս ոլորտում ես ակնկալում եմ հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների գործուն աջակցությունը։ Մենք միասին պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ծխելը եւ խմիչքի չարաշահումն ընկալվեն որպես ամոթալի երեւույթներ»,-ասաց նախարար Մուրադյանը։
«Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ռազմավարության վերանայման փուլում է, ինչը հնարավորություն է տալիս առողջապահական ծրագրերն առավել համահունչ դարձնել երկրի կարիքներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկումների արդյունքում հստակեցնել համագործակցության եզրերը։






