2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբույժ Արտակ Մանուկյանը մեքենայի մեջ միշտ դեղորայք եւ բժշկական պարագաներ է պահում ռազմական հարձակման ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու համար: «Եթե հարձակում լինի, ապա գոնե 5 հոգու կկարողանամ առաջին օգնություն ցույց տալ»,- ասում է նա:

Արտակ Մանուկյանը «Երկրապահ» կամավորական միության անդամ է: 2016 թվականի ապրիլի 2-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո «Երկրապահը» հավաքագրում հայտարարեց, եւ Արտակ Մանուկյանը նրանց հետ մեկնեց Արցախ՝ իր հետ հիվանդանոցից վերցնելով դողորայքի եւ բժշկական պարագաների մեծ պաշար:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մյուս բժիշկները՝ Արթուր Սարդարյանը, Վահե Անաստասյանը եւ Սերգեյ Միրզոյանը մեկնեցին Գորիսի բժշկական կենտրոն, այնտեղ նույնպես Ստեփանակերտից վիրավոր զինվորների էին տեղափոխում:

Ինչպես հիշում է Արտակ Մանուկյանը, 1991-1994 թվականների ղարաբաղյան պատերազմի մասնակիցները՝ մեկն անդամահատված ոտքով, մյուսը՝ վիրահատված սրտով, երրորդը՝ թոքերի քաղցկեղով, դարձյալ հավաքվել էին առաջնագիծ մեկնելու համար: Բժիշկն ապարդյուն փորձել է նրանց արգելել, բայց նրան չեն լսել:

Ստեփանակերտում կամավորներին տեղաբաշխել են շփման ամբողջ գծով մեկ՝ Թալիշից մինչեւ Ջրական: Ապրիլի 4-ի առավոտյան Արտակ Մանուկյանին կանչել են Սիսիանից կամավորների մարմինների ճանաչման, որոնց ավտոբուսի վրա գրոհել էին դրոնով: «Նրանց մարմինների ճանաչումն ինձ համար ամենասարսափելին էր»,- ասում է նա:

Հետո նրան կանչել են Ստեփանակերտի հոսպիտալ: «Այնտեղ իմացել էին, որ «Երկրապահի» ջոկատում կրծքային վիրաբույժ կա, եւ ինձ կանչեցին օգնելու: Այդ պահին Ստեփանակերտում կրծքային վիրաբույժներ չկային, քանի որ մեկնել էին Մարտակերտի եւ Ջրականի հոսպիտալներ, որտեղ մեծ թվով վիրավորներ էին բերում: Ես առաջին օգնություն էի ցույց տալիս, կատարում ոչ մեծ վիրահատություններ՝ թոքային խոռոչի դրենավորում: Այնուհետեւ վիրավորներին տեղափոխում էին Գորիսի հոսպիտալ, եւ եթե պետք էր՝ Երեւան»,- պատմում է Արտակ Մանուկյանը:

Բժշկին ապշեցրել է շտապ օգնության երիտասարդ կին բժիշկների խիզախությունը, որոնք գնում էին Մարտակերտ գնդակոծության տակ վիրավորներին դուրս բերելու եւ չէին վախենում: Սանիտարական յուրաքանչյուր մեքենա բերում էր 7-8 վիրավոր, որոնց այնուհետեւ արագ տեսակավորում էին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: 

«Առավոտները թեժ կետեր էինք գնում կամավորներին օգնելու, երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում վիրավորներով էինք զբաղվում: Ինձ անընդհատ զանգահարում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից եւ հարցնում՝ ինչի կարիք կա, իսկ շատ բանի կարիք կար, եւ մեր հիվանդանոցից շարունակ ուղարկում էին լարաններ, դրենաժներ եւ այլ իրեր»,- պատմում է նա:

Ինչ վերաբերում է այն օրերից քաղած դասերին, ապա Արտակ Մանուկյանը նշում է, որ սխալներ եղել են, բայց բժշկական ծառայությունն ընդհանուր առմամբ իր խնդիրը կատարել է. «Վատ օրեր էին, բայց մենք հաղթահարեցինք: Կարծում եմ, որ եթե նման բան կրկնվի, մենք դրան ավելի շատ պատրաստված կլինենք»: