«Աստղիկ» բժշկական կենտրոնում վահանաձեւ գեղձի չարորակ նորագոյացությունների ավելի ճշգրիտ ախտորոշման համար էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արմեն Վարժապետյանի առաջարկով կիրառվում են հետազոտության նոր մեթոդներ:
Դրանցից մեկը կիրառվում է վիրահատությունը սկսելուց առաջ՝ ավշային հանգույցներում մետաստազների առկայությունը որոշելու համար:
Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց բուժկենտրոնի լաբորատորիայի ղեկավար Մարինե Մանուկյանը՝ ավշային հանգույցներից նմուշ է վերցվում, այնուհետեւ դրա լվացուկն ուղարկվում է լաբորատորիա՝ թիրեոգլոբուլինը (TG) որոշելու համար: Բանն այն է, որ այս հորմոնի սինթեզը տեղի է ունենում միայն վահանաձեւ գեղձի բջիջներում եւ քաղցկեղային բջիջներում: Եթե անալիզը TG-ի մեծ ցուցանիշներ է ցույց տալիս (500-ից ավելի), ապա դա նշանակում է, որ ավշային հանգույցներում մետաստազներ կան, եւ հանգույցները պետք է հեռացնել:
Ինչպես պարզաբանեց Արմեն Վարժապետյանը՝ սովորաբար վահանաձեւ գեղձի քաղցկեղի ախտորոշում կատարելիս ՝ ավշային հանգույցներում քաղցկեղի առկայությունը պարզելու համար, կատարվում է պունկցիոն բիոպսիա եւ բջջաբանական հետազոտություն: Սակայն պատահում է, որ ավշային հանգույցներից վերցված նյութը քիչ է, եւ բջջաբանությունը այս հարցի պատասխանը չի տալիս:
«Նման դեպքերում մենք կիրառում ենք համակցված մեթոդ. բիոնմուշի լվացուկը ֆիզիոլոգիական լուծույթում ուղարկում ենք անալիզի: Եթե թիրեոգլոբուլինը հայտնաբերվում է ավշային հանգույցներում, որտեղ այն ընդհանրապես չպետք է լինի, նշանակում է՝ այնտեղ մետաստազներ կան»,- ասաց նա: Վիրաբույժը պարզաբանեց, որ սա կարեւոր է վիրահատության ծավալի որոշման համար. եթե ավշային հանգույցներում մետաստազներ կան, անհրաժեշտ է կատարել լիմֆոդիսեկցիա, իսկ դա մեծացնում է վիրահատության ծավալը եւ դրա ծանրությունը:
Ախորոշման երկրորդ մեթոդը կալցիտոնինի մակարդակի որոշման թեստն է: Ինչպես նշեց Արմեն Վարժապետյանը՝ կա վահանաձեւ գեղձի քաղցկեղի երկու կարեւորագույն օնկոմարկեր՝ թիրեոգլոբուլինը, որի մասին արդեն նշվեց, եւ կալցիտոնինը: Ժամանակակից բժշկության մեջ թիրեոգլոբուլինը համարվում է հետվիրահատական օնկոմարկեր՝ վահանձեւ գեղձի հեռացումից հետո դրա մակարդակը պետք է զրոյական լինի: Ինչ վերաբերում է կալցիտոնինին, ապա այն համարվում է С-բջջային կամ վահանաձեւ գեղձի մեդուլյար քաղցկեղի մարկեր: «Դեպքեր են պատահում, երբ կալցիտոնինի ցուցանիշները սահմանային են, նորմայից մի փոքր բարձր, եւ այդ ժամանակ ախտորոշման հաստատման կամ հերքման համար մենք կալցիտոնինի խթանման թեստ ենք անցկացնում»,- ասաց նա:
Թեստի էությունը հետեւյալն է՝ նախ չափվում է բազային կալցիտոնինը, այնուհետեւ հիվանդին 15 մլ կալցի գլյուկոնատի ներարկում է կատարվում: Ապա՝ 2, 5 եւ 10 րոպե հետո չափվում է կալցիտոնինի մակարդակը: Եթե ցուցանիշը կտրուկ բարձրանում է, սա նշանակում է, որ առկա է քաղցկեղ: Եթե մեծացումն աննշան է, նշանակում է՝ քաղցկեղ չկա:
Բժշկության մեջ նորագույն մեթոդների նեդնումն ապահովում է դրա զարգացումն ու պացիենտներին առավելագույնս պրոֆեսիոնալ բուժօգնության տրամադրումը, և մենք առաջնորդվում ենք այս սկզբունքով՝ ամփոփում է խոսքը Արմեն Վարժապետյանը:






