Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում հասկացությունը հիմնվում է 3 կարեւոր սկզբունքների վրա՝ առողջապահական ծառայությունների տրամադրում բնակչության առավելագույն մեծ տոկոսին, առողջապահական տարատեսակ ծառայությունների հասանելիություն եւ վերջապես՝ քաղաքացիներին տրամադրվող այս ծառայությունների ֆինանսական բեռ: Այս մասին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀԿ երեւանյան գրասենյակլի ղեկավար Եգոր Զայցեւը:

Նրա խոսքով՝ նախկին Խորհրդայկին Միության երկրներից մեկում աշխատող մի տաքսիստ ուղեւորության ժամանակ իրեն պատմել է իր պատմությունը. անցյալում նրա մոտ ուռուցքային հիվանդություն էին ախտորոշել, եւ բուժման համար մեծ գումարի կարիք ուներ՝ 1000 դոլար վիրահատության եւ 6 հազար դոլար քիմիաթերապիայի 6 կուրսի համար: Այս տաքսիստի տարեկան եկամուտը անհրաժեշտ գումարից 2 անգամ պակաս էր, եւ նա բանկ է դիմել, որ վարկ ստանա ու իր բուժման դիմաց վճարի:

Բանկը նրան վարկ  է տվել, սակայն այս իրավիճակը նրա եւ նրա ընտանիքի կյանքը նկատելիորեն փոխել է. նա ստիպված էր շատ այլ ծախսեր կրճատել, այսպես՝ նա այլեւս չէր կարող վճարել երեխաների ուսման վարձը, ստիպված էին փոխել նաեւ ընտանիքի սննդակարգը:

«Այսպիսի բան կարող է պատահել աշխարհի տարբեր երկրներում մարդկանցից շատերի ընտանիքներում: Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումը այն է, երբ յուրաքանչյուրը լավ որակի ծառայություններին հասանելիություն ունի՝ դրա հետ կապված ֆինանսական դժվարություններ չունենալով»,- նշեց Զայցեւը:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում 193 երկրներ ստանձնել են կայուն զարգացման 17 հավակնոտ նպատակներ, թիվ 3 նպատակը կապված էր հենց առողջապահության հասանելիության հետ: Սակայն իրականում ցուցակի բոլոր նպատակները գործնականում փոխկապված են, շեշտեց Զայցեւը. օրինակ՝ աղքատության խնդիրը հստակ կապ ունի առողջապահության հասանելիության հետ՝  եթե միջինվիճակագրական ընտանիքը բախվի թանկարժեք բուժում պահանջող հիվանդության հետ, ընտանիքը կարող է ունեցած ամեն ինչը կորցնել եւ աղքատության մեջ հայտնվել: Հենց այս պատճառով շատ մասնագետների կարծիքով՝ մինչեւ առողջապահության հասանելիության խնդիրը չլուծվի, աղքատության խնդրի լուծման մասին խոսելը վաղ է:

Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 7-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է Առողջության համաշխարհային օրը: Այս տարի օրվա թեման է Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումը: