Մենք կշարունակենք համագործակցությունը Հայաստանում Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել այս կենտրոնի ծառայություններից:

Այս մասին NEWS.am Medicin-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահական թիմի նորանշանակ ղեկավար Ադաննա Չուկվուման, որը ապրիլի 6-ին այցելել էր կենտրոն: Նա նշել է, որ նրան ցույց են տվել կենտրոնի հնարավորությունները եւ ծառայությունների որոշակի տեսակներով կենտրոնը տարածաշրջանում եզակի է:

«Համաշխարհային բանկը մեծ ներդրումներ է կատարել, որպեսզի այս հաստատությունը ստանա այն վերջնական տեսքը, որն ունի այժմ: Եվ մեր՝ այստեղ ներկա գնտվելու պատճառներից մեկն այն է, որ մենք ցանկանում են շարունակել երկխոսությունը, որպեսզի  հասկանանք, ինչով կարող ենք օգնել այն արդյունավետ աշխատանքին, որն արդեն այստեղ կատարվում է», - ասել է նա:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը NEWS.am Medicin-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արյունաբանության ոլորտում ՀԲ-ի աջակցությամբ իրականացված ծրագիրը շատ կարեւր ծրագիր է ոչ միայն արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար, այլեւ առողջապահության այլ ուղղությունների հնարավորությունների բարձրացման համար՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական:

Այցի ժամանակ աշխատակիցները հյուրին ներկայացրել են կենտրոնի հնարավորությունները, այդ թվում ախտորոշիչ՝ նշելով, որ սարքավորումների մի մասը նվիրաբերվել է կամ այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում է ձեռք բերվել: Նշվել է, որ կենտրոնում արդեն ոսկրածուծի 5 հաջող աուտոփոխպատվաստում է կատարվել, բայց պետք է լուծել նաեւ մի շարք այլ հարցեր բոլոր տեսակի փոխպատվաստումները կատարելու համար: Նրանք նշել են, որ նախատեսված բոլոր ծրագրերի համար ֆիանսավորում է անհրաժեշտ:

Նշենք, որ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի արդիականացումը կատարվել է Հայաստանում իրականացվող ՀԲ-ի «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում:

Ապրիլի 4-ին Ադաննա Չուկվուման հանդիպել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են այս ծրագրի շրջանակում 3 տարով սկրինինգային հետազոտությունների երկարաձգման հարցը, ինչպես նաեւ Արյունաբանական կենտրոնի զարգացման ծրագիրը: