Հերոսներն այն բժիշկներն էին, որոնք զորամասերում էին ու առաջնագծում։ Որոնք անում էին այն, ինչ չէր մտնում նրանց ուղիղ պարտականությունների մեջ՝ նրանք հրետակոծության տակ գնում էին վիրավորներին դուրս բերելու ու նրանց օգնելու։ Այսօր այսպես է 2016-ի ապրիլյան իրադարձությունների մասին հիշում զինվորական բժիշկ, կրծքային վիրաբույժ Գեւորգ Ոսկանյանը։
«Պատերազմի ժամանակ չկա մեկը, որը չվախենա, հատկապես նման ինտենսիվ գնդակոծության ժամանակ։ Չեմ կարող ասել, որ այն վայրերը, որտեղ բժիշկներն էին գտնվում, ավելի պաշտպանված էին, բայց նրանք ավելի հեռու էին գնում, դիրքեր՝ վիրավորներին բերելու։ Այդպիսի բժիշկներ էլ կային, ափսոս, նրանց անունները չիմացա»,- ասում է նա։ Նա ինքն այդ իրադարձությունների ժամանակ եղել է Երեւանի կենտրոնական կլինիկական ռազմական հոսպիտալում։
«Մեզ կանչեցին հոսպիտալ տագնապով,- հիշում է բժիշկը,- ու հետաքրքիր է, որ մենք մինչ այդ ունեցել էինք ուսումնական տագնապներ, ու դրանք երբեք իդեալական չէին անցել, միշտ նկատողություններ են եղել։ Բայց երբ մարտական տագնապ հայտարարվեց, ամեն ինչ շատ հստակ արվեց։ Ամբողջական մոբիլիզացիա էր, բուժանձնակազմն օրեր շարունակ մնում էր հիվանդանոցում՝ առանց հանգստի, այն դեպքում, երբ դա առաջնագիծ չէ։ Ծանր օրեր էին, ու ցավոք, մենք կորուստներ ունեցանք»։
Վիրաբույժի խոսքով՝ առաջին օրը որոշ բժիշկներ գործուղվել են Արցախի հոսպիտալներ։ Հետո սկսվել է վիրավորների ընդունելությունը։ Ռազմական բժիշկը նշում է, որ վիրավորների հետ աշխատելու փորձ իրենք ունեին, բարդություններն ավելի շատ հոգեբանական էին։ Վիրավորների թիվն աճում էր, ու հայտնի չէր, թե որքան է դա շարունակվելու։ «Ճիշտ է, նման դեպքերի համար մենք նախապես գիտեինք, թե ինչ է պետք անել, եթե մեր ուժերը չեն բավականացնում, մենք վիրավորներին տեղափոխում ենք քաղաքացիական հիվանդանոցներ։ Ու նման վիրավորներ կային»,- ասում է նա։
Գեւորգ Ոսկանյանը պարզաբանում է, որ ռազմական գործողությունների ժամանակ կա հատուկ մոբիլիզացման պլան, որը նախատեսում է բոլոր հաջորդական քայլերը վիրավորների ընդունելության ժամանակ ՝ կախված նրանց քանակից։ Նույնպիսի ծրագիր ունեն նաեւ քաղաքացիական հիվանդանոցները, ու կա նաեւ ընդհանուր կենտրոն, որը վերահսկում է այդ ամենը։ Հենց ապրիլյան պատերազմի ժամանակ, նրա խոսքով, այդ պլանն ապացուցեց իր արդյունավետությունը։ Առաջին օրերին քաղաքացիական հիվանդանոցների շատ բժիշկներ մեկնեցին Արցախ իրենց նախաձեռնությամբ, առանց գործուղվելու, բայց հետո այդ գործընթացը սկսեց կարգավորել ռազմաբժշկական վարչությունը, քաղաքացիական բժիշկներին ուղարկելով անհրաժեշտ վայրեր։
«Հպարտությամբ բոլոր բժիշկների համար կարող եմ ասել, որ բժշկական ծառայությունը լավ աշխատեց, ու մենք գրեթե կորուստ չունեցանք այն պատճառով, որ չէինք հասցրել օգնություն ցուցաբերել կամ որովհետեւ մասնագետներ չեն եղել»,- ասում է նա՝ հավելելով, որ նույնը չի կարող ասել ղարաբաղյան առաջին պատերազմի մասին, երբ մենք չունեինք պատրաստված ռազմական բժիշկներ, իսկ բժիշկներն էլ վիրավորների հետ աշխատելու փորձ չունեին։
Գեւորգ Ոսկանյանը նաեւ նշում է, որ անձամբ է այցելել բոլոր վիրավոր զինծառայողներին քաղաքացիական հիվանդանոցներում, որպեսզի վերահսկի նրանց վիճակն ու բուժման ընթացքը ու լուծի բոլոր հարցերը՝ սկսած բժշկականից մինչեւ կենցաղային՝ հագուստով, սնունդով ապահովել եւ այլն։ «Չնայած ամենուրեք նրանց մասին հոգում էին իրենց հարազատների պես»,- պատմում է նա։






