Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը (World Health Day):

Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարեւոր նշանակություն ունի առողջությունը, եւ որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:

Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի եւ նշվում է տարբեր կարգախոսներով եւ նշանաբաններով` կենտրոնացնելով ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների եւ առողջությանը սպառնացող առանձին հարցի շուրջ:

Առողջության համաշխարհային օրվա այս տարվա թեման է. «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ բոլորին, ամենուր», իսկ կարգախոսը. «Առողջություն բոլորի համար»:

Այս կարգախոսը կոչ է ջանքերն ուղղելու «առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու» նպատակին, մասնավորապես` խթանելով համընդհանուր առողջապահական համակարգերը: Նպատակն է բոլոր շահագրգիռ կողմերին ոգեշնչել, շահադրդել եւ առաջնորդել` համընդհանուր առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման ուղղությամբ հաստատակամ պատրաստակամություն դրսեւորելու նպատակով: