ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի` Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի ապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ/ՁիԱՀ-ի եւ վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներում հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ հետազոտությունների շարունակականությունն ապահվելուն ուղղված հարցերին։
Աննա Պապովան առաջարկել է Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու նպատակով հուշագիր ստորագրել։ Նախարարը եւս հաստատել է, որ դա ավելի սերտ ու համակարգված գործունեություն ծավալելու հնարավորություն կընձեռի:
Կարեւորելով «Ռոսպոտրեբնադզորի» հետ համագործակցությունը` Լեւոն Ալթունյանն ընդգծել է, որ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում չափազանց կարեւոր աշխատանք է տարվում աշխարհի բնակչության համար սպառնալիք հանդիսացող եւ մարդկանց մեծաթիվ կյանքեր խլող հիվանդությունների դեմ պայքարում։






