Երկրագնդի բնակիչների գրեթե կեսը զրկված է լիարժեք բժշկական սպասարկում ստանալու իրավունքից։ Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է հանրային առողջապահության հարցերով փորձագետ Արսեն Թորոսյանը։

Տվյալ խնդիրը, նրա խոսքով, կա նաեւ Հայաստանում։

«Բժշկական ծառայությունները չպետք է այնպիսի ֆինանսական բեռ դառնան հիվանդի համար, որ նա դրանց պատճառով սնանկանա»,- պարզաբանել է Թորոսյանը։

Ընդ որում, փորձագետի խոսքով՝ տարեկան մինչեւ 100 մլն մարդ մեր երկրագնդում սնանկանում է առողջապահական հսկայական ծախսերի պատճառով ու ստիպված է եւ պարտքերի մեջ խրվել, եւ վաճառել տունը, եւ կորցնել գրեթե ամբողջ ունեցվածքը։

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ կան երկրներ, որտեղ բժիշկներ գրեթե չկան։ Գրեթե նույն խնդիրն է նաեւ Հայաստանում, բայց այլ մասշտաբներով։ Այստեղ, ինչպես նշեց Թորոսյանը, բժիշկների պակաս չկա, բայց ոչ բոլոր գյուղերում ու բնակավայրերում կան բժիշկներ։