Դեղերը դեղատոմսով վաճառելուն դեմ են նրանք, ովքեր զբաղվում են դեղերի իրացմամբ: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանում արդեն վաղուց արմատավորվել է այն մշակույթը, երբ քաղաքացիները ինքնաբուժությամբ են զբաղվում՝ համապատասխան դեղատոմս ստանալու համար չդիմելով բժշկին:

«Մենք մեր հասարակությունում ձեւավորել ենք այնպիսի մշակույթ, որ մարդն ինքնուրույն՝ առանց բժշկի, որոշում է  զբաղվել իր առողջությամբ եւ անցնում է ինքնաբուժության: Եվ այս փաստը բխում էր այն մարդկանց շահերից, ովքեր զբաղվում են դեղերի առեւտրով», - բացատրել է նա:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, դեղատոմսերի առկայության եւ տրամադրման անհրաժեշտությունը շատ կարեւոր է եւ դա նպաստում է շատ խնդիրների լուծմանը՝ նշելով, որ դրա շնորհիվ, բժիշկների կողմից իրենց հիվանդների նկատմամբ վերահսկողությունը ավելանում է:

Սակայն գլխավոր թոքաբանը համաձայնել է, որ նոր օրենքում որոշակի թերություններ այնուամենայնիվ կան եւ այն կարգավորման կարիք ունի:  Նա առաջարկել է  բոլոր բժիշկներին, ովքեր դեղատոմս դուրս գրելու իրավունք ունեն, ընդգրկել տվյաների ընդհանուր էլեկտրոնային բազայում՝ այսպիսով կազմելով բժիշկների համապատասխան ցուցակ, որոնք դեղատոմս դուրս գրելու իրավունք ունեն: Սա ըստ, գլխավոր թոքաբանի, այս որոտում հնարավոր վտանգները եւ չարաշահումները կօգնի նվազեցնել: