Աշխարհի զարգացած երկրներում սքրինինգային ծրագրերի շնորհիվ ուռուցքային հիվանդությունները մեծ մասամբ հիվանդների մոտ հայտնաբերվում են առաջին փուլերում, ինչի շնորհիվ հաջողվում է արդյունավետ բուժում կազմակերպել: Սքրինինգային ծրագրերի ներդրումը նաեւ Հայաստանում կօգներ բարելավել հայ հիվանդների վերապրելիության ցուցանիշները, պնդում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների 40-45 տոկոսը դեռեւս ախտորոշվում է 3-4-րդ փուլերում: Ուշ ախտորոշումը կանխատեսումները, բնականաբար, նկատելիորեն վատթարացնում է: Հայաստանում հիվանդները սովորաբար բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ հիվանդությունը սկսում է էապես ազդել կյանքի որակի վրա:

Սքրինինգային հետազոտություններն անցկացվում են որեւէ ախտանիշի բացակայությամբ, ինչի շնորհիվ հաջողվում է քաղցկեղային հիվանդությունները հայտնաբերել ամենավաղ փուլերում, երբեմն նույնիսկ նախաքաղցկեղի փուլում: Ինչպես հայտնի է, քաղցկեղային հիվանդությունները որքան վաղ են հայտնաբերվում, եւ որքան վաղ են բուժումը սկսում, այնքան մեծ է հիվանդի առողջանալու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում անցկացվում է միայն մեկ սքրինինգային ծրագիր, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Այս ծրագրի շրջանակում 30 տարեկանից մեծ կանայք կարող են անվճար ՊԱՊ թեստ հանձնել, որը թույլ կտա հայտնաբերել արգանդի վզիկի հյուսվածքներում փոփոխությունները, որոնք կապված են արգանդի վզիկի քաղցկեղի հետ:

Քանի որ այս հիվանդությունը շատ «դանդաղ» է զարգանում, այն, որպես կանոն, երկար ժամանակ իրեն զգացնել չի տալիս, հաճախ բավական ուշ է ախտորոշվում, արդյունքում ամեն տարի սպանում է մոտ 250 կնոջ: Մասնագետների խոսքով՝ սքրինինգը, վերջին տեղեկություններով, 15 տոկոսով մեծացրել է արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերվելիությունը: Եթե ներդրվեն նաեւ այլ սքրինինգային ծրագրեր, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել կրծքագեղձի կամ հաստ աղիքի քաղցկեղը, դա իսկապես կօգնի հազարավոր կյանքեր փրկել: