ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությանն առնչվող հարցեր։ Վերջին տարիներն այն հիմնականում ընթանում է Եվրամիության, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերի իրականացման շրջանակներում:

Դեսպանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանին հրավիրել է հուլիսի 23-ից 27-ը մասնակցելու Ամստերդամում Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի եւ համակցված հիվանդությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը վերաբերող նախարարական հանդիպմանը, ինչպես նաեւ դրան հաջորդող ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային համաժողովին։ Նա նշել է, որ բարձր մակարդակի այդ հանդիպումները Հայաստանի համար լավ հնարավորություն են նեկայացնելու այս ոլորտում ունեցած իր լավագույն փորձը: 

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Լեւոն Ալթունյանը կարեւորել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները Նիդերլանդների կողմից բարձր գնահատելու համար։

Նշենք, որ դեռեւս ՀՀ առողջապահության նախարարությունում շուրջ 3 տարի առաջ կայացած հանդիպման ժամանակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական եւ վերարտադրողական առողջության ու իրավունքների հարցերով Նիդերլանդների Թագավորության դեսպան, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության սոցիալական զարգացման վարչության պետ Լամբերտ Գրիյնսն առաջարկել է, որ 2018 թվականին Ամստերդամում կայանալիք համաժողովում Հայաստանը ներկայացնի իր փորձը, ինչից դասեր կքաղեն տարածաշրջանի մյուս երկրները։

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային համաժողովին նեսրկայացնելու է Եվրոպական տարածաշրջանի երկրների լավագույն վորձը, որին հայտ է ներկայացրել նաեւ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը։ Հավելենք, որ ակտիվորեն մասնակցելով ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային 5 համաժողովի` կենտրոնն ունեցել է պաստառային 4 ներկայացում, համաժողովների ժողովածուներում մեր մասնագետների հեղինակությամբ տպագրվել է 4 թեզիս, 8-ը՝ ներառվել խտասկավառակներում, 4-ը՝ ներկայացվել որպես էլեկտրոնային պաստառ: