Թոքերի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների համար «Բնաբուժություն» բժշկական կենտրոնում հայտարարված է անվճար կոնսուլտացիաների միամսյակ։ Այս մասին մայիսի 7-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՆ գլխավոր թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։
Նա նշեց, որ այս կոնսուլտացիաների համար կարող են դիմել ծնողները, որոնք կասկածում են, որ իրենց երեխաները շնչառության հետ կապված խնդիրներ ունեն։ Ըստ Ոսկանյանի՝ բժշկական կենտրոնի մանկաբույժը, զննելով երեխային, կպարզի, թե արդյոք երեխան իրոք շնչառական ուղիների հետ խնդիրներ ունի, թե նրա բողոքների պատճառն այլ է։
Ինչպես նշեց Անդրանիկ Ոսկանյանը, բժշկի (առաջին հերթին՝ պոլիկլինիկայի թերապեւտին) արժե դիմել, եթե երեխան ունի շնչառության հետ կապված խնդիրներ, գիշերը հազում է, հրաժարվում է այս կամ այն ուտելիքներից, քմահաճ է, դժվար է աճում եւ լավ չի սովորում դպրոցում։
Անդրանիկ Ոսկանյանը նաեւ ասաց, որ մինչեւ 7 տարեկան բոլոր երեխաները կարող են պետպատվերի շրջանակներում ստանալ ռեկրեացիոն բուժում աղի սենյակում կամ աղի հանքի ստորգետնյա առողջարանում։ Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ անվճար է այդ երեխաների համար հենց պրոցեդուրան, սակայն ստուգումները եւ հետազոտությունները «Բնաբուժություն» բժշկական կենտրոնում վճարովի են, իսկ պետպատվերի շրջանակներում նրանք կարող են ստուգվել տեղամասային պոլիկլինիկաներում։
Անվճար կոնսուլտացիաները տեւելու են մեկ ամիս՝ մինչեւ հունիսի 7-ը։






