ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է «Աշխարհի բժիշկներ» (Medecines du Monde) ֆրանսիական միջազգային կազմակերպության Վրաստանի ներկայացուցչության անդամներին՝ առաքելության ղեկավար Էլիզաբեթ Ավրիլին եւ ընդհանուր համակարգող Վերոնիկ Միոլենին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
«Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունը գործունեություն է ծավալում Ֆրանսիայում եւ աշխարհի 64 երկրում` իրականացնելով առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովմանն ուղղված բժշկական նորարարական ծրագրեր ու նախաձեռնություններ: Հիմնական ուղղություններից են ՄԻԱՎ վարակին հակազդումը եւ միգրանտներին ու փախստականներին աջակցությունը:
«Աշխարհի բժիշկների» Վրաստանի ներկայացուցչության անդամները փոխնախարարին տեղեկացրել են, որ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացնում են ՄԻԱՎ վարակի եւ վիրուսային հեպատիտ Ց-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր առավել ռիսկային խմբերի շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նմանատիպ ծրագրերի իրականացման հնարավորությունը։
Էլիզաբեթ Ավրիլը եւ Վերոնիկ Միոլենը նշել են, որ Վրաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի էլիմինացիայի ծրագրին աջակցելու նպատակով իրականացվում է պիլոտային ծրագիր ուղղված թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում հեպատիտ Ց-ի հայտնաբերմանը, հիվանդության փուլի եւ լյարդի ախտահարման աստիճանի որոշմանը, բուժումը սկսելու համար շարժառիթի ձեւավորմանը, բուժման ուղղորդմանն ու կրկին վարակվելու կանխարգելմանը:
Սերգեյ Խաչատրյանն «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության ներկայացուցիչներին առաջարկել է իրենց հետաքրքրությունների շրջանակում աջակցել ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման եւ կանխարգելման ծրագրերին։ Մասնավորապես, կարեւորվել են պացիենտների համապատասխան տվյալների բազայի ստեղծմանը եւ վարմանը, հեպատիտ Ց-ով պացիենտների հայտնաբերմանը, բնակչության շրջանում հեպատիտ Ց-ի տարածվածության որոշմանն ուղղված միջացառումների անցկացումը:






