Վիրաբույժը հիվանդի հայմորյան խոռոչից հանել է կիստա եւ.... ատամի պլոմբ: Վիրահատությունը կատարել է վիրաբույժ Աշոտ Թորոսյանը Երեւանի VicMed բժշկական կենտրոնում: 

Վիրահատությունից առաջ վիրաբույժը NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է, որ հիվանդի մոտ հայմորյան խոռոչում կիստա է հայտնաբերվել, բայց  ռենտգեն հետազոտությունը նաեւ հստակ ցույց է տվել օրգանիզմում օտար մարմնի առկայությունը, որը, ամենայն հավանականությամբ,  ատամի պլոմբի համար նախատեսված նյութ է:

«Ամենայն հավանականությամբ, պլոմբը հայմորյան խոռոչում հայտնվել է հիվանդի ատամը բուժելիս եւ հայմորյան խոռոչում հայտնված օտար մարմինն էլ առաջացրել է կիստա», - ասել է բժիշկը:

Վիրաբույժը կատարել է էնդոսկոպիկ հայմորոտոմիա եւ մաքրել հայմորյան խոռոչը: Նման վիրահատությունները բարդ չեն եւ տեւում են ոչ ավել, քան մոտ 40-60 րոպե՝ կախված իրենց բարդության աստիճանից: Հիվանդին վիրահատության ժամանակ անզգայացում են անում:

Տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես է արվում էնդոսկոպիկ հայմորոտոմիա, իսկ տեսանյութի վերջում կարող եք տեսնել հեռացված նյութն ու կիստան: