Ֆիլիպիններում բնակվող Ջոյ Արսիլա անունով երիտասարդ աղջիկը ոսկրային կմախքի քաղցկեղային ուռուցքը շփոթել է մոծակի խայթոցի հետ։ Արդյունքում աղջիկը քիմիաթերապիայի 17 կուրս է անցել, փորձել քաղցկեղի բուժման բոլոր հնարավոր միջոցները ու որոշել է պարզապես անդամահատել ձեռքը։
2012-ին Ջոյ Արսիլան ձախ ձեռքի վրա փոքր բշտիկ է գտել։ Աղջիկը որոշել է, որ դա մոծակի սովորական խայթոց է։ Սակայն ժամանակի ընթացքում այդ բշտիկը չէր անհետանում, այլ հակառակը՝ մեծանում էր։ Ջոյ Արսիլան որոշել է դիմել բժշկի, որը նրա մոտ ախտորոշել է ոսկրային կմախքի չարորակ ուռուցք՝ Յուինգի սարկոմա։

2013-ի ապրիլին Ջոյ Արսիլան ձեռքի վրայից այդ ուռուցքի հեռացման բարդագույն վիրահատության է ենթարկվել։ Բժիշկները հայտնել են, որ քաղցկեղն արդեն հաղթահարված է, սակայն ընդամենը մեկ տարի անց ուռուցքը նորից է հայտնվել։ Արդյունքում աղջկան քիմիաթերապիա են նշանակել։


Արսիլան ընդամենը 17 կուրս է անցել, բայց կողմնակի էֆեկտները շատ ծանր էին, ու աղջիկը հրաժարվել է այդ բուժումից։ Արդյունքում քաղցկեղային ուռուցքը սաստիկ մեծացել է։

Ջոյը հուսահատվել է։ Այդ վիճակում նա փորձել է այլընտրանքային բուժման բոլոր մեթոդները, բայց ոչինչ չի օգնել։ Արդյունքում աղջիկը որոշել է, որ պետք է անդամահատել ձեռքը, որպեսզի քաղցկեղը ամբողջ մարմնով մեկ չտարածվի։ Ջոյ Արսիլայի խոսքով՝ իր համար շատ բարդ է եղել նման որոշում կայացնելը, բայց հիմա ինքն ուրախ է դրա համար։ Հիմա աղջիկն առողջ է ու կարող է իր ամբողջ ժամանակը նվիրել ուսմանն ու ընկերների հետ շփմանը։
«Որոշ ժամանակ ես շատ էի մտահոգվում, բայց ընտանիքիս սիրո ու աջակցության շնորհիվ կարողացա նորից սիրել կյանքը»,- պատմել է նա։
Յուինգի սարկոման ոսկրային կմախքի չարորակ ուռուցք է, այն, որպես կանոն, ախտահարում է երկար խողովակաձեւ ոսկորների ստորին մասը, ազդրերը, կոնքը, թիակը, ողնաշարն ու անրակը։ Յուինգի սարկոման ամենաագրեսիվ չարորակ ուռուցքներից է։








