Ապրիլի 23-ին մեկնարկած իմունացման Եվրոպական շաբաթի ընթացքում, Հայաստանի առողջապահության նախարարությունը բոլոր քաղաքացիներին կոչ է անում պատվաստվել դիֆթերիայի եւ փայտացման դեմ: Երեկ եւ այսօր նման կոչով SMS հաղորդագրություններ են ուղարկվում երկրի քաղաքացիների մեծամասնության հեռախոոսներին:

Ինչպես լրագրողներին հայտնեց Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, Հայաստանում երեխաները բոլոր պատվաստումները ժամանակին են ստանում, այս պատճառով մեծ թվով ինֆեկցիոն հիվանդություններից լավ են պաշտպանված: Սակայն նույնը չի կարելի ասել մեծահասակ քաղաքացիների մասին, որոնք սեփական առողջության նկատմամբ այնքան էլ ուշադիր չեն: Մասնավորապես՝ դիֆթերիայի եւ փայտացման դեմ անհրաժեշտ է պատվաստվել 10 տարին մեկ, սակայն քաղաքացիներից քչերը գիտեն այս մասին եւ պատվաստվելու համար պոլիկլինիկա են դիմում:

Դիֆթերիան ինֆեկցիոն հիվանդություն է, որն առաջացնում է Corynebacterium diphtheriae բակտերիան եւ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Բկանցքն ախտահարելով, հաճախ նաեւ կոկորդը, հիվանդությունը բերում է ծանր թունավորման, երբեմն նաեւ շնչուղիների խցանման դիֆթերիայի թաղանթով եւ այտուցով: Նման բարդությունները հաճախ հանդիպում են երեխաների մոտ:

Փայտացումը զոոանտրոպոնոզ ինֆեկցիոն հիվանդություն է, որն ախտահարում է նյարդային համակարգը եւ արտահայտվում կմախքային մկանունքի տոնիկային լարվածությամբ ու գեներացված ջղաձգություններով:

Երկու հիվանդությունն էլ կարելի է կանխել պատվաստման միջոցով (որոշ դեպքերում հիվանդությունները կարող են զարգանալ նաեւ պատվաստված մարդկանց մոտ, սակայն բարդությունների վտանգը շատ ավելի փոքր կլինի, քան չպատվաստվածների շրջանում): Ի դեպ, հետաքրքիր է, որ փայտացմամբ հվանդացած մարդկանց մոտ իմունիտետ չի մշակվում. երկրորդ անգամ վարակվելուց պաշտպանվելու համար անհրաժեշտ է կրկին պատվաստվել:

Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանում դիֆթերիայի վերջին դեպքը գրանցվել է 2000 թվականին, իսկ ինչ վերաբերում է փայտացմանը, երկրում նախկինի պես հազվադեպ մեծահասակ քաղաքացիների շրջանում եզակի դեպքեր են գրանցվում: մասնագետը հիշեցնում է, որ եթե մարդիկ պատվաստման հարցում հետեւողական չլինեն, այս հիվանդությունների հարուցիչների դեմ հավաքական իմունիտետը կարող է թուլանալ, ինչն էլ կարող է բերել դեպքերի թվաքանակի մեծացման:

Գայանե Սահակյանը կոչ արեց բոլորին, ովքեր վերջին 10 տարում չեն պատվաստվել դիֆթերիայի եւ փայտացման դեմ, դիմեն բնակավայրի պոլիկլինիկա: Մասնագետը հիշեցրեց, որ Հայաստանի քաղաքացիների համար պատվաստումն անվճար է: