Մարդիկ, ովքեր ասում են, որ հոմեոպատիան կեղծ գիտություն է, իրականում դրա մասին ոչինչ չգիտեն: Հոմեոպատիան մարդկանց բուժելու մեթոդներից մեկն է, եւ չնայած այն ոչ միշտ է փոխարինում ստանդարտ բուժումը, մարդկանցից շատերին կարող է ավելի առողջ ու երջանիկ դարձնել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մանկաբույժ եւ հոմեոպատ Հերբերտ Փֆայֆերը (Գերմանիա), որն այս ոլորտում է աշխատում արդեն ավելի քան 40 տարի:
Նրա խոսքով՝ հոմեոպատիան մի քանի հիվանդությունների դեպքում շատ արդյունավետ է, սակայն կան նաեւ հիվանդություններ, երբ մարդն ավանդական բուժման կարիք ունի. այսպես, օրինակ, սրտի կանգի դեպքում պետք է մարդուն ադրենալին ներարկել եւ վերակենդանացման միջոցներ ձեռնարկել՝ նրան հոմեոպատիայով չես օգնի:
Նույնը վերաբերում է նաեւ շաքարային դիաբետին. 1-ին տիպի դիաբետի ժամանակ մարդն ինսուլինի կարիք ունի, 2-րդ տիպի դիաբետի դեպքում՝ այլ դեղամիջոցների: Երկու հիվանդության դեպքում էլ հոմեոպատիան կարող է օգնել հիվանդի ինքնազգացողության եւ կյանքի որակի բարելավմանը, սակայն այս դեպքում չի կարելի հենվել միայն հոմեոպատիայի վրա: Այն «մասնագետները», որոնք պնդում են, թե դիաբետը կարող են հոմեոպատիայով բուժել եւ առաջարկում են հրաժարվել ստանդարտ բուժումից, ավելի շուտ ընդամենը խաբեբաներ են, որոնք իսկական հոմեոպատիայի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն:
«Դիաբետը միայն հոմեոպատիայով բուժելն անհնար է: Եթե օրգանիզմում ինսուլին չի արտադրվում, այն պետք է դրսից ստանալ: Հոմեոպատիան չի կարող փոխարինել վնասված ենթաստամոքսային գեղձը: Ասել, թե հոմեոպատիան կարող է դիաբետը բուժել, նույնն է, ինչ պնդել, թե հոմեոպատայի օգնությամբ կարելի է աճեցնել անդամահատված վերջույթը»,- նշեց Հերբետ Փֆայֆերը:
Նրա խոսքով, սակայն, մի շարք այլ հիվանդությունների դեպքում հոմեոպատիան իսկապես արդյունավետ է: Այսպես՝ այսօրվա դրությամբ այն հաջողությամբ կիրառում են մի քանի հորմոնալ խանգարումների բուժման մեջ եւ նույնիսկ քաղցկեղի բուժման՝ ինչպես քիմիաթերապիայի եւ այլ մեթոդների հետ, այնպես էլ առանձին: Հոմեոպատիայի միջոցով որոշ քաղցկեղային հիվանդությունների բուժման փորձ ունի նաեւ Հերբերտ Փֆայֆերը, թեկուզ եւ ոչ շատ մեծ՝ այն գործընկերների համեմատությամբ, որոնք միայն այդ ուղղությամբ են մասնագիտացած:
Հերբերտ Փֆայֆերը Հայաստան է եկել մասնակցելու հոմեոպատիայի 6-րդ կոնգրեսին, որը կազմակերպել է Միջազգային հոմեոպատների հայկական ասոցիացիան՝ Մարիամ Ղարաբաղցյանի ղեկավարությամբ, որը Երեւանում է անցկացվում ապրիլի 26-29-ը:






