Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նման են երեխայի լույս աշխարհ գալուն՝ գործընթացը ծանր է եւ ցավոտ, բայց երբ տեսնում ես արդյունքը, հասկանում ես, որ բոլոր տանջանքներն իզուր չէին։ Այսպիսի կարծիք է հայտնել հայտնի հոմեոպատ եւ մանկաբույժ Հերբերտ Փֆայֆերը (Գերմանիա) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։

2003 թվակականից ի վեր գրեթե ամեն տարի Հերբերտ Փֆայֆերը Հայաստան է ժամանում, ուսուցանում է տեղի մասնագետներին եւ աջակցում է հոմեոպատիայի կայացմանը։ Այս 15 տարվա ընթացքում Հայաստանում, նրա խոսքով, շատ բան է փոխվել։ Սակայն, եթե քաղաքացիները ցանկանում են իրավիճակը Հայաստանում փոխել դեպի ավելի լավը, եթե ցանկանում են Հայաստանը դարձնել իսկապես բարեկեցիկ երկիր, նրանք պետք է գործեն։ Հիմա մարդկանց հեշտ չի լինելու, սակայն երբ տեսնեն իրենց աշխատանքի արդյունքները, նրանք, երեւի թե, գոհ կլինեն։

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նման են երեխայի լույս աշխարհ գալուն՝ ցավոտ գործընթաց է, եւ կնոջ ծննդաբերությունն էլ ծանր ու ցավոտ է։ Բայց հենց երեխան ծնվում է, բոլորը միանգամից փոխվում են, մոռանալով տանջանքների մասին, ուրախանում են երեխայով։ Հենց նույնն  էլ հիմա Հայաստանում է տեղի ունենում։ Ժողովուրդը նոր բան է «ծննդաբերում», երբ գործընթացն ավարտվի, ամեն ինչ լավ կլինի»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, որը զբաղեցրել էր ապրիլի 17-ին։ Ընդդիմադիր շարժումը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Ներկայումս երկրում շարունակվում են բողոքները ՀՀԿ-ի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի դեմ։ Նոր վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 1-ին ԱԺ-ում։ Ցուցարարները ցանկանում են հասնել Նիկոլ Փաշինյանի ընտրությանը վարչապետի պաշտնում, որը կձեւավորի ժամանակավոր կառավարություն եւ կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։