ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբույժների եվրոպական միության պատվիրակությանը` գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ։
Նրանք Հայաստանում են աշնանը` սեպտեմբերի 26-28-ը Երեւանում Վիրաբույժների եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը եւ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հինգ տարին մեկ կազմակերպվող 4-րդ վեհաժողովի անցկացմանը նախապատրաստվելու նպատակով: Համատեղ միջոցառումը կընդգրկի նաեւ ռեզիդենտների եւ երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:
Ողջունելով Բելգիայլից, Իտալիայից, Չեխիայից, Բուլղարիայից ժամանած մասնագետներին, Սերգեյ Խաչատրյանը, արձագանքելով վիրաբույժների առաջարկին, նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել դառնալու միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը։ Նա ընդգծել է, որ նման ներկայացուցչական համաժողովներն անառարկելիորեն նպաստում են բժշկության տվյալ ճյուղի առաջընթացին։ Նա կարեւորել է նաեւ Հայաստանի ռեզիդենտների եւ երիտասարդ գիտնականների մասնակցությունը, ինչը կապահովի նրանց շարունակական մասնագիտական զարգացմանը։
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաեւ պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի ղեկավարած Վիրաբույժների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, քննարկվել են կազմակերպական մի շարք հարցեր։






