Հակաբիոտիկների սխալ կիրառման դեպքում միկրոօրգանիզմները դրանց նկատմամբ կայուն են դառնում: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայկական առաքելությունից ֆթիզիատր Հակոբ Աճեմյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում դեղերի նկատմամբ կայունության զարգացման մեխանիզմը պարզաբանեց  տուբերկուլյոզի օրինակով:

«Ի՞նչ է կայունությունը: Սա այն է, երբ միկրոօրգանիզմները (կամ միկրոբակտերիաները, ինչպես տուբերկուլյոզի դեպքում է) դեղերի նկատմամբ զգայունությունը կորցնում են եւ դադարում դրանց ազդեցությամբ ոչնչանալ: Միկրոբակտերիան կենդանի օրգանիզմ է, եւ ինչպես ցանկացած այլ կենդանի միկրոօրգանիզմ, այն ձգտում է ամեն կերպ կենսունակ մնալ: Երբ սկսում են նրա վրա դեղերով ներգործել, այն ջանում է դրանց ընտելանալ, ձեւափոխվում է, օգտագործում ինքնապաշտպանության նորանոր մեխանիզմներ»,- պարզաբանեց մասնագետը:

Եթե դեղերը ճիշտ են ընտրվում ու օգտագործվում, ապա միկրոօգանիզմները կենսունակ մնալու եւ այդ դեղամիջոցների նկատմամբ կայունություն մշակելու քիչ շանսեր ունեն: Սակայն եթե հիվանդը դեղերն անկանոն է ընդունում, եթե բուժումն ընդհատում է, կամ եթե բուժման սխալ սխեմա է ընտրվում, միկրոօրգանիզմները դեղերի դեմ պաշտպանություն մշակելու ժամանակ եւ լավ հնարավորություն են ստանում: Իհարկե, միկրոօրգանիզմների մի մասը, միեւնույն է, ոչնչանում է, սակայն նրանք, որոնց հաջողվում է կենսունակ մնալ եւ կայունություն մշակել, բազմանում են՝ այսպես էլ ձեւավորվում են դեղերի նկատմամբ կայուն շտամները: Գործնականում անհնար է դառնում նրանց ոչնչացնել դեղով, որի հանդեպ զգայուն չեն, եւ ինֆեկցայի բուժումը զգալիորեն դժվարանում է:

Հետաքրքիր է, որ այս պրոցեսը երկարատեւ ժամանակ չի պահանջում՝ մեկ մարդու օրգանիզմում այս ամենը կարող է տեղի ունենալ ընդամենը մի քանի ամսում:

«Մարդը կարող է վարակվել «սովորական», դեղերի հանդեպ զգայուն շտամով, սկսի բժշկի նշանակած բուժումը: Հետո նա կարող է դադարի դեղերը խմել կամ ընդհանրւապես բուժումը ժամանակից վաղ ընդհատի: Նրա օրգանիզմում միկրոբակտերիաներն այս դեղին արագ ընտելանում են, եւ շուտով այդ մարդը դառնում է տուբերկուլյոզի արդեն կայուն շտամի աղբյուր. նա այլ մարդկանց արդեն կվարակի այդ դեղի հանդեպ ոչ զգայուն միկրոբակտերիաներով»,- պարզաբանեց մասնագետը:

Նշենք, որ դեղերի նկատմամբ կայունությունն արդեն այսօր գլոբալ խնդիր է համարվում, իսկ եթե այն այսուհետեւ եւս տարածվի, ապա շուտով մարդիկ նորից կսկսեն մահանալ ինֆեկցիաների հետեւանքով, որոնք հիմա բուժելի են համարվում: Դեղերի նկատմամբ կայուն տուբերկուլյոզն արդեն այսօր սպանում է գրեթե յուրաքանչյուր երկրորդ հիվանդին. եթե դեղերի հանդեպ զգայուն տուբերկուլյոզի դեպքում վերապրում ու բուժվում է հիվանդների 82.3 տոկոսը, ապա բազմաթիվ դեղային կայունությամբ տուբերկուլյոզի դեպքում վերապրում է միայն 53 տոկոսը: