Մորգան անունով աղջիկը, որը հիվանդության հետեւանքով 10 ամիս միայն անթացուպերով կամ հաշմասայլակով էր տեղաշարժվում, ընկերոջը ավարտական երեկույթից առաջ անակնկալ է մատուցել՝ նրան դիմավորելով առանց անթացուպերի:
Հոլովակը, որում Մորգանը կատարում է առաջին քայլերը, երկու օրում ավելի քան միլիոն «լայք» է ստացել: Շատերը խոստովանել են, որ արտասվում էին:
Տեսանյութում նրա ընկեր Թարիքը, որի հետ նա պատրաստվում էր ավարտական երեկույթին մասնակցել, նախ չի ընկալում՝ ինչ է տեղի ունենում, ապա ուրախությունից բղավում է եւ աղջկան գրկում:
Մորգանը քայլել չէր կարողանում վիրահատությունից հետո առաջացած բարդության պատճառով: Աղջկա մոտ զարգացել էր կոնվերսիոն խանգարում՝ հիվանդություն, որի դեպքում մարդու մոտ մասնակիորեն խանգարվում է շարժողական կամ սենսորային ֆունկցիան:
Ավելի ուշ Մորգանը Թարիքի հետ մի քանի համատեղ լուսանկարներ է հրապարակել ավարտական երեկույթից, որի ժամանակ նրան ընտրել են պարահանդեսի թագուհի:








