Ֆեյսբուքում 7 տարվա գոյության ընթացքում «Հարցեր բժիշկներին» էջը, որտեղ մարդիկ անվճար խորհրդատվություն են ստանում բժիշկներից, օգտատերեից ոչ մի բողոք չի ստացել: Սակայն այսօր առավոտյան իրավիճակն անսպասելի փոխվել է. ավելի քան 180 մարդ գրեթե միաժամանակ բողոքել է այդ էջից՝ սոցցանցի ղեկավարությունից պահանջելով արգելափակել այն:

Էջի ստեղծողներն ու ադմինիստրատորները NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են, որ իրենք չգիտեն, ով եւ ինչ նպատակով է ցանկանում արգելափակել էջը: Մինչ այսօր օգտատերերից նրանք ոչ մի բողոք չեն լսել:

«Մեր էջը շատ հայտնի է, քաղաքականությամբ չենք զբաղվում, փորձում ենք օգնել բոլորին, ովքեր մեզ դիմում են, - ասել է բժիշկ Նարեկ Մելքոնյանը՝ էջի ստեղծողներից մեկը, - Մենք այս ընթացքում անվճար խորհրդատվություն ենք տվել մարկանց եւ շարունակելու ենք դա անել՝ անկախ ամեն ինչից»:

«Հարցեր բժիշկներին» էջը ստեղծվել է 2011 թվականի հոկտեմբերին ուրոլոգներ Հայկ Մարգարյանի եւ Նարեկ Մելքոնյանի նախաձեռնությամբ: Այսօրվա դրությամբ էջն ավելի քան 4500 բաժանորդ ունի, այդ թվում ամբողջ Հայաստանից մոտ 1000 բժիշկ, որոնցից 200-ը ակտիվորեն պատասխանում են օգտատերերի հարցերին: