Իր ելույթների ժամանակ բողոքի շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի օգտագործել հասարակական գիտակցության վրա ներգործելու որևէ հնարք կամ տեխնոլոգիա՝ նա ասում էր այն, ինչ մտածում էր, ու դա անում էր ազնվորեն ու հասարակ ձևով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մայիսի 4-ին, նման տեսակետ է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը։
Հոգեբանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը պայմանավորված էր ոչ թե գաղտնի մանիպուլացման որևէ տեխնոլոգիայի կիրառումով, այլ՝ որ նրա ձգտումները համընկնում են Հայաստանի հազարավոր քաղաքացիների ձգտումների հետ։ Նա չունի խարիզմա, որը բնորոշ է որոշ նշանավոր պատմական դեմքերի ու առաջնորդների, սակայն շատ քաղաքացիներ հավատում են, որ նա կարող է այս երկրում իրականացնել փոփոխություններ, որոնց բոլորն այդքան վաղուց են սպասում։
Սամվել Խուդոյանի խոսքով՝ միակ «հոգեբանական հնարքը», որը կիրառել է այդ բողոքի շարժման առաջնորդը, նրա հագուստն ու ուսապարկն էին, որոնք ստեղծում էին հասկանալի ու գրավիչ կերպար երիտասարդների համար, որոնք էլ հենց դարձան «թավշյա հեղափոխության» շարժիչ ուժը։ Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթներին՝ նրա խոսքը, հոգեբանի կարծիքով, հասարակ ու ազնիվ էր, իսկ բողոքի շարժման բոլոր կարգախոսները միանգամայն ադեկվատ էին։ Եվ այսպես «քայլ արա»-ն գործողության դիմելու միանգամայն հաջող կոչ էր, իսկ «մերժիր Սերժին» կարգախոսի բառերն համահունչ են ու հեշտ հիշվող։ Բացի դրանից ոչ բռնի, խաղաղ ու հանգիստ գործելակերպի կոչերը, որոնք մշտապես հնչում էին բողոքի ակցիաների ժամանակ, նույնպես շատ կարևոր են ու օգնում են բողոքի շարժումը տանել ճիշտ ուղով ու խուսափել ավելորդ կոնֆլիկտներից, վստահ է հոգեբանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի սկզբից սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք արդեն ստացել են «թավշյա հեղափոխություն» անվանումը։ Բողոքի շարժման ճնշման տակ վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց։ Մայիսի 1-ին Ազգային ժողովը չկարողացավ ընտրել վարչապետ, իսկ մայիսի 2-ին հայտարարվեց համատարած անհնազանդության ակցիա, փողոցներ ու մայրուղիներ փակելով։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին։ Թեկնածու է առաջադրվել բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։






