Ռուսաստանի Պետդուման մայիսի 15-ին քննարկելու է օրինագիծ ԱՄՆ պատժամիջոցների պատասխան միջոցառումների մասին, որոնցից մեկն էլ «ոչ բարեկամական» երկրներից դեղամիջոցների ներկրման արգելքն է։ «ԱՄՆ և/կամ այլ օտար պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցառումների մասին» օրինագծի 2-րդ հոդվածի 15-րդ կետով արգելք կամ սահմանափակում է ներդրվում ԱՄՆ-ում կամ հակառուսական պատժամիջոցներին աջակցող այլ երկրներում արտադրվող դեղամիջոցների ներկրման վրա։ Ճիշտ է, այն վերապահումով, որ դա չի վերաբերելու այն դեղամիջոցներին, որոնք ջեներիկներ չունեն։ Արգելվող դեղամիջոցներիցանկը կառավարությունն է որոշելու։
«Մեդնովոստի» պորտալը հիշեցնում է, որ փաստաթղթի մշակմանը մասնակցել է 450 պատգամավորներից 327-ը։ Իսկ Պետդումայի փոխնախագահՊյոտր Տոլստոյը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ առհասարակ առաջարկել էր ամերիկյան դեղամիջոցների փոխարեն կաղնու կեղևի ուալոճի թուրմ ընդունել։
Այսօրվա դրությամբ Ռուսաստանում գրանցված է 231 դեղամիջոց, որոնք ԱՄՆ-ում են արտադրվում։ Մինչդեռ արգելված դեղամիջոցների ցանկը կարող է շատ ավելի ընդգրկուն լինել, համարում են ռուս փորձագետները։
Դեղագործների համառուսաստանյան գիտական միության առաջին փոխնախագահ Նելլի Իգնատևայի խոսքով՝ մանրածախ դեղատնային առևտրում ամերիկյան արտադրության դեղամիջոցների մասնաբաժինը կազմում է ընդամենը 3 տոկոս։ Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ հարվածի տակ չեն ընկնի նաև այլ դեղամիջոցներ, քանի որ դեղագործության մեջ միշտ մի քանի կողմ է փոխգործակցում։ Դրան համամիտ է նաև օրինագծին չաջակցած պատգամավոր Ալեքսեյ Կուրիննոյը, որը մասնագիտությամբ բժիշկ է։ Նրա խոսքով՝ ամերիկյան դեղագործական ընկերությունները վերազգային են ու շահույթի առյուծի մասնաբաժինը բաժին է ընկնում այլ երկրների տարածքում արտադրվող դեղամիջոցներին։ Մասնավորապես ավելի քան երկու տասնյակ ամերիկյան ընկերություններ իրենց դեղամիջոցները թողարկում են Ռուսաստանում։
Բացի դրանից, Ռուսաստանը դեղագործության ոլորտում բացարձակ կախում ունի ներմուծումից՝ հայրենական արտադրողների մեծ մասը արտասահմանյան բժշկական նյութեր կամ տեխնոլոգիաներ են գործածում։
Բժիշկներն ու հիվանդների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները տագնապ են հայտարարել՝ հավաստիացնելով, որ օրիգինալ դեղամիջոցները հայրենական ցածրորակ դեղամիջոցներով փոխարինելը աղետալի կլինի երկրի հիվանդների համար ։ «Հակաամերիկյան» պատժամիջոցները տարածվելու են հարյուր հազարավոր անապահով ռուս հիվանդների վրա՝ հազվադեպ հիվանդություններով, ռեւմատոիդ ու նյարդաբանական պաթոլոգիաներով, ուռուցքաբանությամբ տառապող հիվանդների վրա։ Նրանց ցմահ նշանակվող դեղամիջոցներից շատերը, որպես կանոն, արտասահմանյան արտադրության են։ Դումային ու Ռուսաստանի նախագահին հասցեագրված հանրագրի տակ, որը նախաձեռնել էր Հիվանդների պաշտպանության լիգան, մի քանի օրում 170 հազար մարդ է ստորագրել՝ հավաստելով, որ իրենք անմարդկային են համարում դեղամիջոցների ներկրման արգելքը։
«Եթե պատգամավորները մայիսի 15-ին ընդունեն հակապատժամիջոցների մասին օրենքը, նրանք մահապատիժ կստորագրեն շատ հիվանդների համար»,- ասել է «Պորֆիրիայի ռուսաստանյան ասոցիացիայի» ղեկավար Օլգա Պավլովան։ Պորֆիրիան այն 24 հիվանդություններից մեկն է, որոնց բուժումը պետությունն է ապահովում։ ԱՄՆ-ում այսօր կա պորֆիրիայով 10 հազար հիվանդ, իսկ Ռուսաստանում՝ մոտ 200 հիվանդ, մնացածը մահացել են, քանի որ ժամանակին դեղամիջոցներ չեն ստացել։
Առանց ամերիկյան դեղամիջոցների ողջ չեն մնա նաև մուկոպոլիսախարիդոզով հիվանդները, նախազգուշացնում է «Հանթեր- սինդրոմ» միջտարածաշրջանային բարեգործական ՀԿ-ի ղեկավար Սնեժանա Միտինան։
Իսկ Մուկովիսցիդոզով հիվանդների համառուսաստանյան ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Նատալյա Կաշիրսկայան նշել է, որ մուկովիսցիդոզով հիվանդները առաջ մինչև 16 տարեկան էին ողջ մնում։ «Պետական աջակցության ու արդյունավետ օրիգինալ դեղամիջոցներ ստանալու հնարավորության շնորհիվ կյանքի տևողությունը հիմա զգալիորեն աճել է ու այլևս չի տարբերվում զարգացած երկրների ցուցանիշներից։ Այդ դեղամիջոցների ներկրման արգելքը մեր հիվանդներին կզրկի կյանքի հնարավորությունից»։
Ապրիլի 23-ին Հիվանդների ՀԿ-ների համառուսական միության համանախագահներ Յան Վլասովն ու Յուրի Ժուլյովը երկրի ղեկավարությանը բաց նամակ են ուղարկել, որը ստորագրել են ևս 27 կազմակերպությունների ղեկավարներ։ Նամակում գրված է, որ «նույնիսկ հայրենական անալոգների առկայության դեպքում՝ արտասահմանյան դեղամիջոցների ներկրման արգելքը կարող է վտանգել հարյուր հազարավոր, գուցե նույնիսկ միլիոնավոր հիվանդների կյանքեր»։
Ընդ որում «օտարերկրյա դեղագործական ընկերությունները բոլորովին չեն տուժի, նույնիսկ եթե փակեն մեր երկրում իրենց գրասենյակները, քանի որ ռուսական շուկան այդ ընկերությունների համար ընդամենը 1 տոկոս է կազմում», ասվում է նամակում։ Չկշռադատված արգելքը կարող է առաջացնել դեղերի «ստվերային շուկայի պայթյունավտանգ աճ», գների բարձրացում, նաև սոցիալական լարվածության աճ։
Վլասովի խոսքով՝ ԱՆ-ն նույնպես աջակցում է հասարակական կազմակերպությունների դիրքորոշմանը ։ Մինչդեռ ԱՆ-ն շարունակում է լռություն պահպանել։
Մինչ Ռուսաստանում պատրաստվում են հակապատժամիջոցների, որոնց արդյունքում ամերիկյան դեղամիջոցների ներկրումը կարող է դադարել, Չինաստանը վերացրել է քաղցկեղի դեմ բոլոր դեղամիջոցների ներկրման համար գործող տուրքերը։ Այս մասին հայտնել է «Սինհուան»։ Քաղցկեղի դեմ դեղամիջոցներ արտադրողների ու ներկրողների համար ԱԱՀ-ն նույնպես կրճատվելու է։






