Կոմիտասի պողոտայի վրա գտնվող HSBC բանկի վրա նախօրեին իրականացված ավազակային հարձակումը ոչ մի կերպ կապակցված չէ Երևանում ու Հայաստանի մյուս քաղաքներում այս օրերին անցկացվող բողոքի ակցիաների հետ։ Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը։

Հոգեբանի կարծիքով՝ հարձակում իրականացրած տղամարդն, ամենայն հավանականությամբ, ուներ ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական խնդիրներ, որոնք էլ հենց հանգեցրել են նրա գործողություններին։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: հարձակման հետեւանքով կա 1 զոհ, 2 վիրավոր:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի, սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահներին հաջողվել է արագորեն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանություն:

Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Հանցագործին բերման ենթարկելու փորձի ժամանակ վիրավորում ստացած ոստիկան Արա Շահգուլյանին տեղափոխել էին «Արմենիա» ԲԿ, բայց չնայած բժիշկների ջանքերի՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

«Արմոբիլ» անվտանգության ընկերության աշխատակից Արամ Մկրտչյանը, որը վիրավորում էր ստացել դեմքի ու կրծքի մասից, վիրահատության է ենթարկվել ու հիմա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։