Հայ առաքելական եկեղեցին  միշտ եղել է իշխանամետ, դրա համար էլ հոգևորականները Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ իշխանություններին որոշակի գործողությունների կամ զիջումների կոչեր չէին անի։ Եկեղեցուն ձեռնտու են նաև գործող իշխանությունները , որի բարիքներից նա պատրաստակամությամբ օգտվում է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը։

Նրա խոսքով՝ չնայած որոշ առանձին հոգևորականներ սոցցանցերում բացահայտ արտահայտում էին իրենց տեսակետը բողոքի ակցիաների կապակցությամբ ու կոչ էին անում լսել ժողովրդի տեսակետներն ու ցանկություններն, եկեղեցին, որպես կառույց, չեզոք էր դրսևորում իրեն ու միայն հանգստություն պահպանելու և բոլոր ուժերով արյունահեղությունից խուսափելու կոչեր էր անում։

Չնայած, հոգեբանի կարծիքով, բողոքի ցույցերի ժամանակ հոգևորականներն այնուամենայնիվ մեկ կարևոր քայլ արեցին՝ ապրիլի 22-ին, երբ բողոքի շարժման առաջնորդները, մասնավորապես պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ձերբակալվեցին, ու աճեց ցուցարարների և ոստիկանների միջև բախումների վտանգը, ինչի հետևանքով փողոցներում կարող էր սկսվել իսկական քաոս, շատ հոգևորականներ դուրս եկան փողոցներ, որպեսզի վահանի դեր  կատարեն ոստիկանության ու ցուցարարների միջև։ Շատ հոգևորականներ ապրիլի 23-ին նույնպես միացան երթին։

Հոգեբանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում կաթողիկոսի գործողությունները լիովին պայմանավորված էին նրա անձով, այլ ոչ թե եկեղեցու դիրքորոշումով՝ եթե կաթողիկոսի աթոռին մեկ ուրիշը լիներ՝ Վազգեն Բ-ի նման, նա հաստատ փողոց դուրս կգար ու կկանգներ ժողովրդի կողքին, իշխանություններին կոչ անելով լսել ժողովրդի ձայնը, իսկ ԱԺ-ին՝ քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին։ Գործող կաթողիկոսը սակայն չարեց նման բան, քանի որ նա էլ է ներկա համակարգի մի մասը։