Շարունակվում է «Առողջ աչքեր» կատարակտի վիրահատությունների անվճար ծրագիրը, որի շրջանակում ապրիլի 30-ի դրությամբ իրականացվել է կատարակտի 617 վիրահատություն։ Դրանցից 140-ը կատարվել է փորձարարական փուլում Սպիտակի բժշկական կենտրոնում եւ Սեւանի «Լայոնս մարզային ակնաբուժական» հիմնադրամում: 2017թ. սեպտեմբերից ծրագիրն իրականացվում է նաեւ «Շենգավիթ», «Նաիրի», Կապանի, Գորիսի, Գյումրու, Իջեւանի բժշկական կենտրոններում:

Ծրագրի նպատակը կուրությունը կանխարգելող այդ վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ներառված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացող խմբերում։ Միաժամանակ, ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրական հասանելիությունը եւ աչքի հիվանդություններով պայմանավորված առողջապահական ցուցանիշների բարելավումը։

Ծրագրի շրջանակում վիրահատված 617 քաղաքացու 39%-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 30.00 միավոր ունեցող անձինք, 28%-ը` ուսուցիչներ, 15%-ը` բժիշկներ, 10%-ը` դասախոսներ, 8%-ը` մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Մինչեւ ծրագրի ավարտը Երեւանի եւ մարզերի նշված բժշկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակում կվիրահատվի սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի։

Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել.

  1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0 միավորից բարձր` մինչեւ 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների` 60 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անդամները,
  2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող եւ ուսուցիչ հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում» ընդգրված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք,
  3. Բարձրագույն ուսումնական հաստատություների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական եւ պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ եւ արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք,
  4. «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-րդ հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին եւ կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող եւ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք,
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում, ինչպես նաեւ «Երեւանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում, կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրվում է 60 տարեկան եւ ավելի բարձր տարիքի, նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց։

Ծրագրին վերաբերող այլ հարցերի հետ կապված պարզաբանումներ կարելի է ստանալ` զանգահարելով 8003 հեռախոսահամարով («Թեժ գիծ» ծառայություն):