«Էրեբունի» ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքում Հայաստանում առաջին անգամ իրականացվել է էնդոլյումբալ քիմիաթերապիա, հայտնում է հիվանդանոցի կայքը։

2018-ի ապրիլի սկզբին 44-ամյա հիվանդ Դ․ Լ-ն դիմել է «Էրեբունի» Բկ, ուժգին գլխացավերի ու անկառավարելի փսխումների վերաբերյալ գանգատներով։ Հիվանդության պատմությունում՝  կրծքագեղձի քաղցկեղ գլխուղեղի մետաստատիկ ախտահարումով։ 1․5 տարվա ընթացքում նա ստացել էր համակցված թերապիա։ Իրականացված գործիքային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել էր ուղեղի պատյանի մետաստատիկ ախտահարում։

Գումարվել է կոնսիլիում՝ գլխավոր տնօրենի թերապիայի մասով տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Սահինյանի, Վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի, քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Երեւանի գլխավոր ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոկչյանի, նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանի մասնակցությամբ։ Հիվանդի վիճակի ուսումնասիրությունից ու իրականացված կլինիկական լաբորատոր հետազոտություններից հետո հիվանդին առաջարկել են էնդոլյումբալ քիմիաթերապիա։

Ապրիլի 19–ին՝ Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքում քիմիաթերապիայի ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Հայույի Գյոկչյանը ու Վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը իրականացրել են էնդոլյումբալ քիմիաթերապիա։

Էնդոլյումբալ քիմիաթերապիան բժշկության մեջ նորագույն հայտնագործություն է, որի նպատակն է բարձրացնել կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների բուժման միջոցի արդյունավետությունը, բարելավել հակաուռուցքային թերապիայի անցկացման պայմանները հիվանդների համար, քանի որ քիմիաթերապեւտիկ դեղամիջոցները չեն անցնում հեմատոէնցեֆալիկ պատնեշը։

Այս հայտնագործության նորույթն այն է, որ կաթետերներ են տեղադրում սուբարախնոիդալ տարածքում ու հիվանդը դրանց միջոցով է ստանում քիմիական դեղամիջոցները։

Հենց առաջին սեանսից հետո հիվանդի վիճակը զգալիորեն լավացել է՝ գլխացավերը զգալիորեն հազվադեպ ու թույլ են դարձել, իսկ փսխումը դադարել է։ Հիվանդը եւս մի քանի սեանս պետք է անցնի։

Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների աճը առիթ է տալիս մտածել այն մասին, որ ծայրաստիճան անհրաժեշտ է բարձրացնել օնկոհիվանդներին տրամադրվող բուժօգնության մակարդակը։ Համաշխարհային չափանիշներին ու ուղեցույցներին համապատասխան՝ նորագույն մեթոդների, սարքավորումների ու դեղամիջոցների ներդրումն ու կիրառումը, «Էրեբունի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի բժիշկների ու բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բազմաթիվ հիվանդների հնարավորություն կտան հաջողությամբ անցնել հիվանդությունից ապաքինում ճանապարհը։