Առողջապահության նախարարության մտադրությունը՝ պետական բուժհաստատություններում բժիշկների ընդունման նոր կարգ հաստատել՝ բաց մրցույթի հիման վրա, բոլորովին չի ծառայի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, այլ ընդամենը նոր բարդություններ կստեղծի մարզային բժշկական կենտրոնների համար, համարում է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։
Նշենք, որ օրերես ԱՆ Սամվել Սողոմոնյանը հայտնել էր, որ ներդրվելու է բժիշկներին պետական բուժհաստատություններ աշխատանքի ընդունելու նոր մրցութային կարգ։ Նա ասել է, որ կառավարությունը նման որոշում էր կայացրել դեռ 2011-ին, դրա վերահսկողությունը դրված էր մարզպետարանների վրա, ու այն գործնականում չի իրականացվել։ Հիմա պատրաստվել է որոշման նախագիծ, որի համաձայն այդ կարգը խստացվելու է։ «Ներդնում ենք երկրորդական մեխանիզմներ՝ մասնավորապես մարզպետարաններին պարտադրելու ենք, որ նախարարությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրեն թափուր հաստիքների և դրանց համալրման մեխանիզմների մասին», – ասել էր նա։
Սամվել Սողոմոնյանը նաեւ մանրամասնել էր մրցույթի անցկացման կարգը՝ մրցույթի համար բժշկական կազմակերպությունում կազմվելու է հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեծ մասը ներկայացնելու են տվյալ կազմակերպության ներկայացուցիչները, ընդգրկված են լինելու նաև մեկ կամ երկու ներկայացուցիչ մարզպետարանից: Նախատեսվում է նաև դրանում ունենալ նախարարության լիազոր ներկայացուցիչ: Մրցույթը լինելու է խիստ մասնագիտական: Դրա արդյունքում ստուգվելու են բժշկի մասնագիտական գիտելիքները: Այն իրականացվելու է մասնագետների կողմից արդեն իսկ մշակված հարցաշարերի հիմա վրա կազմված թեստերով: Մարդկանց միջամտությունը նվազեցնելու նպատակով նախատեսում են, որ թեստերի ընտրությունը կատարվի համակարգչով:
NEWS. am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Վանեսյանը նշեց, որ մարզպետարաններն ու պետական բժշկական հաստատություններն այսպես թե այնպես ուղարկում են ՀՀ ԱՆ թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը տեղադրված է ՀՀ ԱՆ կայքում:
Նրա կարծիքով, ինչպես մրցութային հիմունքներով տնօրենների ընդունումը չի լուծել կոռուպցիայի ու ծանոթությունների հարցը, այնպես էլ այդ կարգը չի լուծի։ Հանձնաժողովները ձեւավորում են տեղական իշխանության մարմինները, որոնց ենթակայության տակ է գտնվում բուժհաստատությունը։ ԱՆ ներկայացուցչից բացի՝ դրա կազմում կարող են ընդգրկվել թե բժիշկներ, թե ցանկացած այլ մասնագիտության ներկայացուցիչներ, իսկ ոչ բժիշկները բնականաբար նվազ տեղեկատվություն ունեն առողջապահության կամ կոնկրետ մասնագիտության վերաբերյալ ու նրանց կարելի է «համոզել» անցկացնել ցանկացած թեկնածուի, ինչպես մինչեւ հիմա է եղել տնօրենների դեպքում։
«Երբ նշվում է թե նախարարությունն է կազմելու հարցաշարը, ի՞նչ տարբերություն բուժհաստատությունը քանի անդամ է ունենալու այդ հանձնաժողովում», – ասաց նա։
Նարեկ Վանեսյանը հավելեց, որ մարզերի բուժկենտրոններում կադրերի մեծ խնդիր կա, ու երբեմն տնօրենները տարիներով փնտրում են այս կամ այն մասնագետին, իսկ մրցույթը նրանց համար նոր դժվարություններ կստեղծի։ «ԱՆ-ն նրանց կյանքը հեշտացնելու փոխարեն՝ միայն բարդացնում է»,- ասաց նա:
Ավելին, նրա խոսքով, «դա նշանակում է ԱՆ-ի կողմից կանխակալ վերաբերմունք բուժկենտրոնների տնօրենների հանդեպ՝ իբրեւ «մենք վստահ չենք ձեր հարցում ու մենք կարող ենք ավելի լավ կազմակերպել բժշկին աշխատանքի ընդունելը»։ «Բայց տնօրե՛նն է որոշում բուժկենտրոնի զարգացման ռազմավարությունը ու դրա հիման վրա է կառուցվում կադրային քաղաքականությունը։ Ինչպե՞ս է նա այն իրականացնելու, եթե նրան զրկեն կադրեր ընտրելու հնարավորությունից»,- ասաց նա։
Նարեկ Վանեսյանի կարծիքով՝ եթե ԱՆ-ն ներդնում է նոր կարգ փողով աշխատանքի ընդունելու պրակտիկան վերացնելու համար, ուրեմն թող կոնկրետ նշի այն բուժհաստատությունները, որտեղ կան նման ռիսկեր։ Նա վստահ է, որ այս մրցույթը նույպես ինչպես առողջապահության ոլորտում անցկացվող ցանկացած մրցույթ այսօր ձևական բնույթ է կրելու: «Մեզ մոտ հենց ուզում են փակել հարցը, հանձնաժողով են ստեղծում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հանձնաժողովները ստեղծվելու են կոռուպցիայի հարցը «փակելու», այլ ոչ թե «լուծելու» համար։






