Սույն թվականի մայիսի 12-ից 15-ը Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության (ASCO) եւ Արյունաբանության եւ Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը։
Ինչպես տեղեկացնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի կայքը, ASCO-ն եւ Հայկական Ասոցիացիան կազմակերպում են Քաղցկեղի մուլտիդիսցիպլինար բուժման կուրս՝ կրծքագեղձի քաղցկեղ, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղ, լեյկեմիա եւ կլինիկական հետազոտություններ թեմաներով:
Գիտաժողովի ծրագրի համաձայն, առաջին օրը, մայիսի 12-ին կանցկացվի թրեյնինգ թրեյներների համար, իսկ բուն գիտաժողովի բացումը տեղի կունենա մայիսի 13-ին։ Բացմանը ծրագրված են կրթության եւ գիտության եւ առողջապահության նախարարներ՝ Արմեն Աշոտյանի եւ Արմեն Մուրադյանի ելույթները։
Այնուհետեւ կկայանան քննարկումներ ըստ թեմաների՝ կրծքագեղձի քաղցկեղ (մայիսի 12), ստամոքսի, հաստ աղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղ (մայիսի 13), լեյկեմիա, քաղցկեղի հետազոտություններ, եւ կարիերայի հարցեր (մայիսի 14)։
Գլխավոր աջակիցը եւ համակազմակերպիչը Երեւանի պետական բժշկական համալսարանն է։






