Հայաստանում շատ ծնողների հուզում են հարցերն այն մասին,թե ով է ներմուծում պատվաստանյութեր իրենց երեխաների համար, որտեղ ու ինչպես են պահվում այդ պատվաստանյութերն ու որքանով են դրանք անվտանգ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծնողների համար «Մապա» տեղեկատվական պորտալի հիմնադիր Ալլա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բավականին հաճախ պորտալի սոցցանցերի էջերին ծնողները հարցեր են ուղղում պատվաստանյութերի մասին՝ շատերին հետաքրքրում է, արդյոք երեխայի համար վտանգավոր չէ միանգամից մի քանի հիվանդություններից հետո պատվաստվելը, արդյոք դա անհարկի ծանրաբեռնվածություն չի ստեղծի երեխայի իմունիտետի համար, պատվաստման հետևանքով հնարավոր են արդյոք երկարաժամկետ խնդիրներ, պատվաստանյութի բաղադրության մեջ կան արդյոք վտանգավոր, թունավոր նյութեր, նաև որ պատվաստումները որ տարիքում պետք է ստանան իրենց երեխաները։
Ծնողներին մտահոգող այս և այլ հարցերի պատասխանելու համար «Մապա» պորտալը Երևանում կազմակերպել է սեմինար՝ առողջապահության նախարարության մասնագետների մասնակցությամբ։ Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը դասընթացներին մասնակցող ծնողներին պատմել է այն մասին, թե ինչպես ու ում կողմից են գնվում պատվաստանյութեր հայ երեխաների համար, ինչպես են դրանք փոխադվում ու ինչ պայմաններ են ապահովում անվտանգ պահպանման համար։ Նա նաև պատասխանել է ծնողների բազմաթիվ այլ հարցերի, այդ թվում պոլիոմելիթի դեմ նոր պատվաստանյութի ներդրման մասին։ Առցանց հեռարձակման շնորհիվ սեմինարին կարողացել են հետևել նաև հարյուրավոր այլ ծնողներ, որոնք չէին կարողացել ներկա գտնվել սեմինարին։
Ինչպես նշեց Ալլա Սարգսյանը, ապագայում պորտալը մտադիր է կանոնավոր կերպով անցկացնել նման սեմինարներ, որպեսզի հայ ծնողները զինվեն գրագետ գիտելիքներով ու կարողանան առողջ երեխաներ դաստիարակել։ Առաջիկա սեմինարը, որի անցկացման ամսաթիվը դեռ հայտնի չէ, նվիրված է լինելու մանկական հոգեբանությանը,երեխայի զարգացման ու դաստիարակության հարցերին։






