Շուշիի ազատագրումից մի քանի օր առաջ Սղնախ ու Քարինտակ գյուղերի վերեւի անտառում կառուցվեց շատ հետաքրքիր ու, թերեւս, եզակի դաշտային հոսպիտալ: Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց վնասվածքաբան Աշոտ Ադամյանը:

«1992 թվականի ապրիլի 27-ին բժիշկների խմբով բարձրացանք Սղնախի վերեւի սարերը, որպեսզի հոսպիտալ բացենք: 6-7 բժիշկ էինք, նույնքան էլ բուժքույրեր: Առաջին հարցն էր՝ ինչի՞ց կառուցել հոսպիտալը: Վալերի Մարությանը շատ հետաքրքիր որոշում կայացրեց: Անտառում բավական շատ խոտի դեզեր կային: Հենց դա էլ օգտագործեցինք որպես շինանյութ: Չոր խոտի բարդոցներից ու պինդ տուկերից էլ կանգնեցրինք հոսպիտալը»,- պատմում է մասնագետը:

Այն ուներ վիրահատարան, վիրակապարան եւ 14 մահճակալ տեղավորող հիվանդասենյակ:

Դաշտային հոսպիտալը տեղակայվեց առաջնագծից ընդամենը 2 կմ հեռավորությամբ՝ Սղնախին եւ Քարինտակին հարող անտառակում: Հաջորդ օրը բժիշկներին միացան փրկարարները, իսկ մյուս օրվանից՝ արդեն ազատագրմանը պատրաստվող տղաները:

«Չեք պատկերացնի՝ ինչ էր կատարվում: Անտառի մեջ մի մեծ պարտիզանական ճամբար էր՝ 20-30 վրաններով, պարում էին, երգում, տոնական տրամադրություն էր, որ պատրաստվում ենք ազատագրել Շուշին: Իսկապես որ՝ հարսանիք լեռներում»,-հիշում է բժիշկը:

Այդ օրերին՝ 10 օրվա ընթացքում երկու անգամ ձյուն է եկել. ապրիլի 30-ին՝ գարնան ամենածաղկուն ժամանակ, առատորեն ձյուն է տեղացել: Ստիպված են եղել երկու անգամ վերականգնել ու չորացնել հոսպիտալը:

«Շատ ցուրտ էր, չէինք պատկերացնում, որ ապրիլի վերջին կամ մայիսին այդքան ցուրտ կլինի: Մեզ համար տաք զինվորական հագուստ ու սապոգներ ուղարկեցին, բայց չհասցրինք հագնել: Տվեցինք տղաներին, նրանք էլ տաք հագնված չէին: Ես  վերմակ ունեի, որ 88-ի երկրաշարժի օրերից էր մնացել, երբ Ղարաբաղից բժիշկների խմբով մեկնել էինք Սպիտակ: Դրա երեսը հաստ ցելոֆանի նման էր, մի կողմը տաքացնում է, մի կողմը՝ հովացնում: Գիշերը, երբ ցուրտ էր, չէի կարողանում քնել, դրանով էի փաթաթվում: Ու երբ շարժվում էի, ճռճռում, ձայն էր հանում, մյուսներին էլ չէր թողնում քնել: Երբ տաք վերմակներ բերեցին, Մարությանն ասաց՝ Աշոտին երկու հատ տվեք, որ էն բանը չգցի վրեն»,- ժպիտով հիշում է Աշոտ Ադամյանը:

Տղաներին ճանապարհում են երգ ու պարով: Եվ նույն օրը 14 վիրավոր են ընդունում. 11-ը թեթեւ վնասնավծքներ էին ստացել, 3-ը՝ ծանր: Երեք լուրջ վիրահատություն է կատարվում Շուշիի՝ խոտի դեզերից սարքված հոսպիտալում: Դրանից հետո արդեն տղաներին տեղափոխում են Ստեփանակերտ: