Էսթետիկ բժշկության եւ պլաստիկ վիրաբուժության  մեջ առկա  խնդիրները (ոչ պաթոլոգիաները) եւ հիվանդի ցանկությունը, արդեն բժշկական ցուցում են վիրահատության համար: Այս մասին NEWS.am Medicine –ին ասաց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով կայքում անցկացված հարցման արդյունքները առ այն, թե «Ո՞ր դեպքում կդիմեք պլաստիկ վիրահատության»:

Ըստ հարցման արդյունքների` 59%-ը կամ 619 մարդ պատասխանել է, որ կհամաձայնի վիրահատության ենթարկվել, եթե լինի բժշկական ցուցում, 30% (310 մարդ) համաձայն է փոխել իր արտաքին տեսքում այն, ինչն իրեն դուր չի գալիս, իսկ 11% (114 մարդ) համաձայնել է դիմել պլաստիկ վիրաբուժության հանուն իր կյանքի որոշակի փոփոխությունների:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ եթե սովորական վիրաբուժության մեջ վիրահատության անհրաժեշտությունը պայմանավորված է առկա պաթոլոգիաներով, ապա պլաստիկ վիրաբուժության մեջ՝ առկա  խնդիրներով (ոչ թե պաթոլոգիաներով) եւ հիվանդի ցանկությամբ:

«Տարբերակել բժշկական ցուցումները եւ հիվանդի ցանկությունը մեր գործունեության մեջ անհնար է, հիվանդի ցանկությունը էսթետիկ վիրաբուժության մեջ արդեն բժշկական ցուցում է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ պատասխանողների 30%-ը ցանկանում են փոխել իրենց արտաքինը, այսինքն նրանք դժգոհ են իրենց տեսքից, ապա բժշկի խոսքով, դա բավականին տրամաբանական թիվ է, եւ եթե երիտասարդ հասակում կա ցանկություն շտկել Աստծո կողմից տրվածը, ապա հասուն տարիքում՝ ժամանակի կնիքը: