Այն երկրներում, որտեղ օրթոդոնտիան վերջերս է գործածության մեջ մտել եւ դեռ այնքան էլ զարգացած չէ, բժիշկները միանգամից ցանկանում են սկսել դժվար, բայց հետաքրքիր դեպքերից՝ չնայած, որ ավելի ճիշտ է սկսել տարրական եւ հեշտ գործերից: Այսպիսի կարծիք է արտահայտել Գուիդո Սամպերմանը (Բելգիա) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրուցելիս:
«Շատ երկրներում, որտեղ օրթոդոնտիան դեռ այնքան էլ զարգացած չէ, բժիշկները միշտ ցանկանում են սկսել դժվար գործերից: Նրանք միանգամից ցանկանում են աշխատել լինգվալ եւ ինվիզիլայն դեպքերի հետ: Բայց ավելի լավ է մասնագիտությունը սովորել նախ եւ առաջ ավելի հեշտ աշխատանքներ անելով, օրինակ, ատամնշար straight wire technique-ի միջոցով ուղղելով»,- ասել է բժիշկը:
Ըստ նրա՝ այսպիսի խնդիր կա ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ ուրիշ երկրներում, որտեղ օրթոդոնտիայի ավանդույթներ դեռ գրեթե չկան: Անփորձ բժիշկների ցանկությունը զբաղվել բարդ եւ հետաքրքիր դեպքերով լիովին հասկանալի է, սակայն փորձի պակասից ելնելով՝ բժիշկը կարող է սխալ ախտորոշում տալ, ինչի արդյունքում սկսել սխալ բուժում, օգտագործել սխալ միջոցներ եւ «փչացնել գործը»:
«Այդ պատճառով ճիշտ ախտորոշումը շատ կարեւոր է. կենտրոնացեք ճիշտ ախտորոշում տալու եւ բուժման ընթացքը պլանավորելու վրա, հետո միայն սկսեք գործը», - սկսնակ օրթոդոնտներին խորհուրդ է տվել Գուիդո Սամպերմանը:
Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ անփորձ օրթոդոնտները ցանկալի է, որ սկսեն իրենց գործունեությունը այնպիսի ատամնաշար ուղղելով, որը շատ բարդ գործ չի պահանջում: Հետագայում արդեն կարելի է մտածել առաջին լինվալ դեպքի մասին:
Հայաստան կատարած իր այցի ժամանակ Գուիդո Սամպերմանը Օրթոդոնտների առաջին միջազգային կոնգրեսի ընթացքում կարդացել է դասախոսություն «An overview of 15 years treatment of class II patients with the twin block appliance» եւ «New approaches in diagnosis and treatment using active self-ligating brackets and heat activated super elastic wires» թեմաներով:
Ի դեպ, սա օրթոդոնտի հինգերորդ այցն է Հայաստան, սակայն մինչ այս նա Հայաստան եկել է ոչ թե գործով, այլ որպես հյուր. պարզվել է, նրակինը Բայանդուրից մի հայուհի է:






