Մանկական Ուղեղային Կաթվածով (ՄՈՒԿ) հաշմանդամություն ունեցող երեխաները այցելեցին Ginosi.Com ընկերության գրասենյակը, որպեսզի ծանոթանան այն մասնագիտություններին, որոնք հետագայում կարող են ընտրել։
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Նարինե Մանուկյանը, միջոցառման հիմնական նպատակը երեխաների շփումն է ծրագրավորողների հետ։
«Երեխաների համար շատ կարեւոր է այդ շփումը, հաղորդակցումը մարդկանց հետ։ Ցավոք, մեր երկիրը մի քիչ հարմարեցված չի, եւ նրանք իրենց առօրյա կյանքում չունեն այդ ամենը», - ասաց Նարինե Մանուկյանը։ Նա նաեւ ավելացրեց, որ եթե ապագայում Երեւանը ավելի լավ հարմարեցված քաղաք դառնա, Մանկական Ուղեղային Կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն կունենան աշխատել նման կազմակերպություններում, օրինակ, որպես ծրագրավորող։
Կազմակերպության ծրագրավորողներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը, NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց, որ Մանկական Ուղեղային Կաթված ունեցող երեխաները, իր կարծիքով, կարող են սովորել ծրագրավորում, եւ դա նրանց համար փրկության պես մի բան է, քանի որ այդ երեխաներին դժվար է տեղաշարժվել, բայց մտածելու հետ նրանք խնդիրներ չունեն եւ հետեւաբար կարող են զբաղվել մտավոր աշխատանքով։
Ի դեպ, պատանիներից մեկը՝ 19-ամյա Հայկը, ասաց NEWS.am Medicine-ի թղթակցին, որ ցանկանում է ծրագրավորում սովորել եւ որ այդ ոլորտը իրեն շատ է հետաքրքրում։
Կազմակերպության հիմնադիր տնօրեն Արեգ Գինոսյանը նաեւ ասաց, որ միջոցառման գլոբալ նպատակը այն է, որ երեխաները կարողանան իրենց պատկերացնել որպես հասարակության լիիրավ անդամներ եւ ծանոթանան այն մասնագիտություններին, որոնք հետագայում կարող են ընտրել։





