Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստացել է Էբոլա վիրուսի դեմ (Էբոլա վիրուսի առաջացրած հիվանդություն՝ ԷՎԱՀ) պատվաստանյութի 4 հազար չափաքանակ եւ ծրագրում է այն Կոնգո ուղարկել, որտեղ այս հիվանդության բռնկում է գրանցվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ Աֆրիկայի երկրների Տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Մատշիդիսո Մոետիին:
«Մենք աշխատում ենք այս դեղամիջոցները տեղ հասցնելու ուղղությամբ, սառնարանային շղթա ենք պատրաստում: Դրանից է կախված պատվաստումը սկսելու օրը»,- պարզաբանել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կարմիր խաչի եւ Կարմի մահիկի միությունների միջազգային ֆեդերացիան, Կոնգոյում ներկա պահին հիվանդության պատճառով ԷՎԱՀ կասկածանքով մահացել է 18 մարդ: Երկու դեպքում Էբոլա վիրուսի առկայությունը հաստատվել է լաբորատոր անալիզներով: Հիվանդության բռնկումը պաշտոնապես գրանցվել է մայիսի 8-ին Բիկորո քաղաքի մերձակայքում:
Սա Կոնգոյում 1976 թվականին վիրուսի հայտնաբերումից ի վեր Էբոլայի արդեն իններորդ բռնկումն է, նշում են ԱՀԿ Ժնեւի կենտրոնակայանից: Նախորդ բռնկումը տեղի էր ունեցել 2017 թվականին, երբ մահացել էր 8 մարդ:
ԷՎԱՀ-ն արդի աշխարհում առավել վտանգավոր հիվանդություններից է, այն ուժեղ դող է առաջացնում եւ բարձր ջերմություն, ջղաձգումներ, սրտխառնոց եւ փսխում, արյունահոսություն, այդ թվում՝ ներքին, եւ 60-90 տոկոս դեպքերում մահվան ելք է ունենում:






