Հայաստանի շատ բժշկական կենտրոններում արդեն տարվա կեսին հիվանդներին սկսում են ասել, որ «պետական պատվերը սպառվել» է, եւ բուժման համար պետք է վճարել սեփական գրպանից: Երկրում բժշկական ծառայությունների գները շատ բարձր են, այս պատճառով հիվանդներից շատերը նախընտրում են բուժման համար մեկնել հարեւան Վրաստան, որտեղ ավելի էժան է թե՛ բուժումը, թե՛ դեղորայքը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոչ ասա էլեկտրոնային համակարգին» նախաձեռնության եւ «Ստոմինվեստ» հասարակական կազմակերպության անդամ Սամվել Սարգսյանը, այս եւ շատ այլ խնդիրներ նկատելիորեն արգելակում են Հայաստանի առողջապահության համակարգի զարգացումը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի առողջապհության ոլորտում մեծ թվով խնդիրներ կան: Նա առանձին շուդրություն դարձրեց հետեւյալի վրա.
- Հիվանդները պետական բժշկական կենտրոններին չեն վստահում, ուստի գերադասում են մասնավորում բուժվել:
- Պետական պատվերի համակարգը սխալ է կազմակերպվել ու աշխատում, եւ արդյունքում արդեն տարվա կեսին շատ կլինիկաներում պետպատվերը սպառվում է:
- Երկրում լուրջ խնդիրներ կան՝ կապված բժիշկների էթիկայի եւ վարքագծի հետ. ոմանք հիվանդների հետ շփվելու տարրական քաղաքավարություն չունեն:
- Շրջանային կլինիկաները չափազանց քիչ են, իսկ եղածներն իրենց մակարդակով զիջում են մայրաքաղաքայիններին, այս պատճառով հիվանդներից շատերը Երեւան են գալիս բուժվելու: Բնական է, որ նրանք ավելի մեծ ուրախությամբ իրենց բնակավայրին ավելի մոտ կլինիկայում կբուժվեին, եթե այդպիսիները լինեին:
- Վրաստանում թե՛ դեղորայքը, թե բուժումը (այդ թվում՝ մեծ թվով վիրահատություններ) ավելի էժան են, քան Հայաստանում, ուստի հիվանդներից շատերը նախընտրում են բուժվել Վրաստանում, եւ այնտեղից էլ դեղորայք են բերում
- Առողջապահության համակարգում մեծ թիվ են կազմում առողջապահության եւ բժշկության վերաբերյալ հին, քարացած հայացքներով մարդիկ, որոնք շարունակում են առաջնորդվել ԽՍՀՄ տարիներից եկած կարծրատիպերով:
- Ստոմատոլոգները բախվում են մի շարք խնդիրների հետ, որոնց թվում են չափից ավելի բարձր հարկերը՝ եկամտահարկից բացի, նրանք ստիպված են նաեւ արտոնագրային վճար մուծել:
- Էլեկտրոնային առողջապահության համակարգը մինչեւ վերջ չի կշռադատված եւ սխալ է ներդրվում՝ բազմաթիվ խնդիրներ ստեղծելով բժիշկների առանց այն էլ ծանրաբեռնված աշխատանքի համար:
Այսօր՝ մայիսի 14-ին, մի խումբ բժիշկներ հավաքվել են Առողջապահության նախարարության մուտքի մոտ՝ ցանկանալով հանրության եւ պատասխանատու անձանց ուշադրությունը գրավել խնդիրների վրա, որոնք այսօր գոյություն ունեն ընդհանրապես առողջապահության ոլորտում եւ մասնավորապես՝ ստոմատոլոգիայի: նրանք նաեւ որոշել են առողջապահության նոր նախարարին նամակ գրել եւ ներկայացնել բոլոր հարցերը, որոնք այսօր իրենց մտահոգում են:
«Այս ոլորտում մեծ թվով չլուծված խնդիրներ կան,- նշեց Սամվել Սարգսյանը: - Դրանցից շատերի մասին առողջապահության նոր նախարարը, հավանաբար, գիտի, սակայն եթե կան այնպիսի հարցեր, որոնց դեռեւս տեղյակ չէ, մենք կցանկանայինք նրա ուշադրությունը գրավել»:
Բժիշկների խոսքով՝ իրենք նոր նախարարից վճռական քայլեր են սպասում, առանց որոնց ոլորտում ոչ մի բան չի փոխվի: Մասնավորապես՝ բժիշկները նախարարից ճիշտ, ադեկվատ կադրային քաղաքականություն են սպասում. նրանց կարծիքով՝ վատ չէր լինի առողջապահության կազմակերպման գործին ներգրավել լավ, «թարմ» մասնագետների, այդ թվում ՝ այլ երկրներից հրավիրված բժիշկների, որոնք «մտածում են ինչպես բժիշկներ, այլ ոչ թե ինչպես գործարարներ»:
Մասնագետների խոսքով՝ առողջապահության ապահովագրության ներդրումը կարող է օգնել եղած շատ խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ բժիշկներին եւ հիվանդներին ազատել երկու կողմի համար էլ տհաճ բուժման արժեքի շուրջ խոսակցությունից: Իհարկե, ապահովագրության ներդրումը հեշտ գործընթաց չէ, որը պահանջում է այդ ճանապարհին բազմաթիիվ բարդ խնդիրներ լուծել, եւ դրա համար շատ ժամանակ ու ուժ է անհրաժեշտ, նշում են բժիշկները:






