Չիլիացի երեքուկես տարեկան տղան (պայմանականորեն Մարիո անունով) ինը ամսում հինգ անգամ հայտնվել է հիվանդանոցում ու հակաբիոտիկներով բուժման մի քանի կուրս անցել։

Տղան մշտապես վերադառնում էր Վալպարաիդոյում Կարլոս վան Բյուրենի  մանկական կլինիկայի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք նույն խնդրով՝ երկու ականջներից տարօրինակ արտադրություն, որն ուղեկցվում էր ականջային խողովակի   հյուսվածքներում փոքր բորբոքային հանգույցներով , որոնց պատճառով  բժիշկներին չէին կարողանում զննել նրա թմբկաթաղանթը։

Երեխայի օրգանիզմը լավ էր ընդունում հակաբիոտիկներով բուժումը, սակայն հենց նրան դուրս էին գրում հիվանդանոցից՝ հիվանդությունն անընդհատ կրկնվում էր։

Պապուզինսկիի ու տղային բուժող մյուս բժիշկների մոտ սկսել էին հայտնվել տարբեր՝ իրար հետ չկապակցված կասկածներ։ Խնդիրն այն էր, որ չկար որևէ ակնհայտ պատճառ, որը կբացատրեր, թե ինչու են ականջի հիվանդության ախտանիշները կրկնվում։

Պապուզինսկին ասում է, որ երբ տղան արդեն երկու ամիս հիվանդանոցում էր անցկացրել, բժիշկները սկսել են կասկածել, որ գուցե մայրը նրա ականջի մեջ որևէ գրգռող նյութ է լցնում։

Բայց այն բանից հետո, երբ սոցծառայության ներկայացուցիչներն ու մանկական հոգեբույժը զննել են երեխային՝ այդ հիպոթեզը հերքվել է։

Ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել միայն յոթ ամիս հետո։

Այդ նույն հիվանդասենյակում պառկած մեկ այլ երեխայի մայր պատահաբար նկատել է, թե ինչպես է Մարիոյի մայրն առանց բժիշկների գիտության ինչ-որ բան կաթացնում տղայի ականջի մեջ։

Բժիշկները կանչել են ոստիկանություն, որը խուզարկել է Մարիոյի մորն ու նրա մոտ գտել ներարկիչներ։ Բժիշկները դիմել են դատախազություն, որը մորը արգելել է մոտենալ երեխային, դրանից հետո տղան արագ ապաքինվել է ու դուրս գրվել հիվանդանոցից։

Բժիշկները ստուգել են Մարիոյի թմբկաթաղանթը ու համոզվել, որ ականջի որևէ հիվանդություն նա չուներ։

Պարզվել է, որ իրականում ոչ թե երեխան էր հիվանդ, այլ նրա մայրը՝ նա ուներ Մյունհաուզենի դելեգացված համախտանիշ, որն  այդ նույն հիվանդանոցի հոգեբույժներն էին հայտնաբերել։ 

Մյունհաուզենի դելեգացված համախտանիշը հիվանդություն է, որի դեպքում մարդը միտումնավոր սիմուլացնում է որևէ հիվանդության ախտանիշներ, որպեսզի իր հանդեպ գրավի բժիշկների համակրանքը, կարեկցանքը, հիացմունքն ու ուշադրությունը։

Դելեգացված համախտանիշի դեպքում որևէ մեկի համար պատասխանատու  մարդը, հիմնականում երեխայի մայրը կամ խնամակալը կեղծում է հիվանդության ախտանշանները, հաճախ նույնիսկ ֆիզիկական վնաս հասցնելով երեխային։

Դա համարվում է երեխայի հանդեպ բռնություն, որը շատ հաճախ ամիսներ կամ տարիներ շարունակ չի ախտորոշվում ոչ բժիշկների, ոչ իրավասու անձանց կողմից։ Չիլիացի բժիշկների բրիգադի տվյալներով՝ նման դեպքերի մոտ 7 տոկոսը մահացու ելք է ունենում։

Մեծահասակները, որոնք տառապում են այդ հոգեկան խանգարումից,  բժիշկների ուշադրությունը գրավելու համար կարող են հատել վտանգավոր սահմանը՝  հիվանդություն առաջացնելու համար նրանք կարող են երեխային ներարկել արյուն, մեզ կամ նույնիսկ կղղանք,   կամ տալ դեղամիջոցներ, որոնք երեխայի մոտ կարող են առաջացնել սրտխառնոց կամ լուծ, կամ հասնել նրան, որ երեխային ստիպված լինեն բիոպսիա կամ վիրահատություն անել։

Մարիոյի դեպքում ընտանեկան գործերով զբաղվող դատարանի դատավորը վճռել է, որ տղային պետք է տատիկը դաստիարակի։