Մայիսի 20-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության հետ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 14:00-ից մինչև 20:00-ը իրականացնելու է հանրային միջոցառում, որի շրջանակում անցորդներին տրվելու է հնարավորություն անցնելու ՄԻԱՎ-ի, նաև վիրուսային Բ և Ց հեպատիտների վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի մասին:
Միջոցառումն ուղղված է մեր հասարակությունում, հատկապես երիտասարդների շրջանում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու շարժառիթի ձևավորմանն ու հետազոտվելու ցանկության խրախուսմանը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության հանրայնացմանն ու հետազոտության հետ կապված կարծրատիպերի փոփոխմանը, այն դիրքորոշման ամրապնդմանը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնելու են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:
ՄԻԱՎ վարակն այլևս «մահվան դատավճիռ» չէ. շնորհիվ հակառետրովիրուսային բուժման ներկայումս այն համարվում է քրոնիկ հիվանդություն: ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ժամանակին բուժում սկսելով և պարտաճանաչորեն այն շարունակելով, կարող է ապրել այնքան, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի: Սակայն բուժման արդյունավետությունը մեծապես կախված է այն ժամանակին սկսելուց: Իսկ դրա կարևոր նախապայմանը հիվանդության վաղ ախտորոշումն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու բուժումն անվճար են:






