ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի բժշկական սպասարկման վերահսկողության վարչության կողմից ուսումնասիրվել է 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը:
Հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող տնտեսավարողները իրենց գործունեությունը օրենսդրական դաշտին համապատասխան կազմակերպելու համար տեսչությունը իրազեկել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ:
ԱՆ առողջապահական տեսչական մարմինը վերահսկողական գործառույթների միջոցով կնպաստի հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ու բուժման պատշաճ եւ արդյունավետ կազմակերպման համար՝ առանցքային նշանակություն ունեցող բժշկական օգնություն ցուցաբերող եւ սպասարկող անձնակազմի անհրաժեշտ քանակի ապահովմանն ու մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացմանը: Ինչպես նաեւ բուժհաստատության գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական պահանջների ու պայմանների ապահովմանը, հոգեբույժների կողմից օրենքով նախատեսված հերթապահությունների իրականացմանը, հիվանդության պատմագրերի պատշաճ վարմանը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զսպման միջոցների կիրառմանը, հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները ընդգրկելով ռիսկի գնահատման հիման վրա կազմված ստուգումների տարեկան ծրագրում:
Նշենք նաեւ, որ վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ կներկայացվեն առաջարկություններ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ խնդիրների հիմնովին լուծման նպատակով:






