Կոչ եմ անում բոլորին այսուհետ ֆեյսբուքում գրառումներ կատարելիս ելնել այն կանխավարկածից, որ իրենք վաղը նախարար են դառնալու: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին, որոնք վերաբերում էին նախկինում իր արած ֆեյսբուքյան գրառումներին:

Նա նշեց, որ արդեն ներողություն է խնդրել իր սուր կամ կոպիտ արտահայտությունների համար, եւ հավաստեց, որ իր գործունեության ընթացքում երբեք չի առաջնորդվելու միայն անձնական դիրքորոշմամբ. «Ինչ-որ կոնկրետ խոսակցության ժամանակ դու միտք ես արտահայտում, իսկ 10 կամ 20 տարի հետո մեկ ուրիշ բան կարող ես դառնալ... Ի՞նչ է դա նշանակում, որ տասը տարի առաջ միտքը չպիտի՞ արտահայտեիր»,- ասաց նա։

Հարցին, թե նախարարի պաշտոնում կրկին ԳՄՕ մթե՞րք է փնտրելու, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Իմ անձնական ԳՄՕ ուտելու հանգամանքը ոչ մեկին չի խանգարելու, հատկապես՝ իմ ղեկավարած ոլորտի մակարդակով»:

Նա նշեց, որ այդ ամենն իր անձնական էջում է գրված եղել, ոչ թե հանրային, պարզապես զվարճացել է իր ընկերների հետ, ինչի իրավունքը, կարծում է, բոլորն ունեն:

«Եվ այդ նույն ոճի մեջ է. վաղը կարող եք նախարար դառնալ կամ այլ պաշտոնատար անձ: Ուրեմն պարտադիր ֆեյսբուքյան էջը ջնջել, չնայած ջնջելն էլ չի օգնի, որովհետեւ այդ սքրինշոթերը կարող են արվել հենց այդ ժամանակ՝ վաղն օգտագործելու նպատակով»,- հեգնեց նա:

Նախարարը նաեւ հավելեց, որ իր անձնական նախասիրությունները որեւէ հարցում ոչ մի կերպ չեն անդրադառնալու իր գործունեության վրա. «Եթե իմ գործունեության մեջ որեւէ մեկը տեսնի իմ անձնական նախասիրությունների վատ հետեւանքները, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել այդ ամենի համար»: