Մենք ուշադրություն կդարձնենք Ուռուցքաբանության կենտրոնին, բայց ֆինանսավորման հարցը պետք է գլոբալ իմաստով լուծել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այս կենտրոնի աշխատանքին ուշադրություն դարձնելու մասին որոշ օգտատերերի խնդրանքին:
Շատ օգտատերեր բողոքում էին, որ քաղցկեղով հիվանդները ստիպված են լինում քիմիաթերապիայի համար վճարել՝ հարցնելով որքանով է դա արդարացի նման հիվանդների դեպքում:
«Դա անարդար է, - նշել է նախարարը,-սակայն խնդրի լուծման համար ուռուցքաբանության ոլորտում հարկավոր է ֆինանսավորման նոր մոդել ներդնել: Նոր ֆինանսական հոսքեր են պետք»,- ասել է նա:
Թորոսյանի խոսքով՝ աշխարհում ֆինանսավորման նորարարական մեթոդների օգտագործման արդյունավետ փորձ կա: Օրինակ՝ ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մի մասը, շաքար պարունակող ըմպելիքիների հարկը, դեղերի ԱԱՀ-ն ուղղել ուռուցքային հիվանդությունների բուժմանը:
Նա հավելել է, որ օնկոլոգիան համաշխարհային մակարդակի խնդիր է, դրա ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան նաեւ զարգացած երկրներում:






