Երեխաների մոտ սեռականությունը սկսում է զարգանալ մոտ 3-4 տարեկանում, եւ հենց այդ տարիքում են նրանք սկսում տալ շատ եւ շատ հարցեր, որոնց մի մասը կապված է սեռական կյանքի հետ: Այն մասին, թե ինչպես եւ երբ է պետք պատասխանել երեխաների այդ հարցերին, լրագրողներին պատմեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Նա ասաց, որ մեր մշակույթում սեռականության մասին սովորաբար չի խոսվում եւ շատերը կարծում են, որ երեխաների հետ այդ մասին չի կարելի խոսել: Այս տաբուների պատճառը, նրա կարծիքով, կապված է մեր մշակույթի առանձնահատկությունների եւ մեր եկեղեցու հետ:

Սակայն անկախ մշակույթից եւ եկեղեցուց, երեխաների մոտ գալիս է մի տարիք, երբ նրանք հարցնում են, թե որտեղից են նրանք հայտնվել: Ըստ հոգեբանի՝ սովորաբար դա տեղի է ունենում 3-4 տարեկանում: Երեխաները այդ տարիքում սկսում են մտածել, թե որտեղից են նրանք հայտնվել, եւ շատերը նույնիսկ կարծում են, որ իրենց ուրիշ ընտանիքից են բերել: Մի շարք նմանատիպ վարկածներ հորինելով՝ երեխաները սովորաբար հարցնում են ծնողներին, թե որտեղից են նրանց "գտել":

Ինչպե՞ս է պետք վարվել նմանատիպ հարցերի հետ: Արժե՞ երեխաներին պատմել կաղամբի եւ արագիլների մասին, թե՞ ավելի ճիշտ կլինի փորձել բացատրել սեռականության հիմունքները:

Ռուբեն Պողոսյանի կարծիքով, երբ երեխան առաջին անգամ է հարցնում, թե որտեղից է նա հայտնվել, այդ հարցին պետք չէ պատասխանել, որպեսզի նրա երեւակայությունը աշխատի եւ նա շարունակի մտածել ու նոր վարկածներ հորինել: Իսկ որոշ ժամանակ անց, երբ երեխան նորից կտա իրեն հուզող հարզը, ճիշտ կլինի, որ ծնողները փորձեն արդեն բացատրել նրան ամեն ինչ՝ ընտրելով ճիշտ եւ զգույշ բառեր:

Ըստ հոգեբանի՝ կարելի է սեռականության հիմունքները երեխային բացատրել՝ զուգահեռներ տանելով, օրինակ, բնության մեջ տեղի ունեցող բաների հետ: "Կարելի է ասել, որ հայրիկը սերմը տվեց ինձ, ու իմ փորիկում դու աճեցիր, ինչպես բույսը", - ասաց Ռուբեն Պողոսյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ ցանկալի է, որ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները երեխան ստանա հենց ծնողներից: Հակառակ դեպքում նա կարող է իմանալ ամենի մասին դրսում՝ գուցե շատ ավելի գռեհիկ ձեւով: